Մատչելիության հղումներ

Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի իշխանության և ռուս խաղաղապահների կողմից․ ԼՂ ԱԽ


Ռուս խաղաղապահներն Արցախում, 26-ը նոյեմբերի, 2020թ
Ռուս խաղաղապահներն Արցախում, 26-ը նոյեմբերի, 2020թ

Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, հայտարարում է Արցախի անվտանգության խորհուրդը՝ հերքելով ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե Արցախից Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով։

«Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից», - ասված է Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությունում։

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում են՝ եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:

Հայաստանը շահագրգռված է ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգման հարցում՝ մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը։ Պաշտոնական Բաքուն, սակայն, հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

XS
SM
MD
LG