Կիևը մտահոգություն է հայտնում Զապորոժիեի ատոմակայանի շրջանում ռուսների մարտական ակտիվության հարցում, նշելով, որ գրավելով ԱԷԿ-ը և ամրապնդվելով դրան հարող տարածքում՝ ռուսներն այնտեղից են կրակ բացում, գիտակցելով, որ ուկրաինացիները չեն համարձակվի պատասխան կրակով վտանգել այդ կառույցը:
Կիևում ասում են, թե Մոսկվան ցանկանում է ԱԷԿ-ն անջատել ուկրաինական էներգացանցից և միացնել ռուսականին, և պատճառ գտնելու համար սադրանք է կազմակերպելու ԱԷԿ-ի մոտակայքում:
Նախօրեին Օդեսա այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը պատկանում է Ուկրաինային և երկու կողմերին կոչ է արել անհապաղ դուրս բերել ստորաբաժանումներն այդ շրջանից:
«Եթե մենք ապառազմականացնենք ատոմակայանի տարածքն, ապա խնդիրը լուծված կլինի: Եվ միանշանակ է, որ Զապորոժիեում արտադրված էլեկտրականությունն ուկրաինական է, այն անհրաժեշտ կլինի Ուկրաինայի ժողովրդին հատկապես գալիք ձմռան ամիսներին: Այս սկզբունքը պետք է անվերապահորեն հարգել»,- ասել է Անտոնիո Գուտերեշը:
Զապորոժիեի ատոմակայանն արտադրում է Ուկրաինայում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 25 տոկոսը:
Մոսկվան, իր հերթին, Կիևին է մեղադրում ԱԷԿ-ը հրետակոծելու համար և ասում, թե դա կարող է միջուկային աղետի հանգեցնել:
Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի երեկվա հեռախոսազրույցում Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների այցի համար և տեսուչներին անհրաժեշտ աջակցություն տրամադրել: