Մատչելիության հղումներ

Փաշինյանը կրկին բարձրացրել է ԵԱՏՄ-ի ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը


2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5 տոկոսով և կազմել 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաքում, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտահանումն աճել է 48,9 տոկոսով, ներմուծումը՝ 54,2 տոկոսով։

Փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը երրորդ երկրներ՝ շեշտել է գործադիրի ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ հետագա համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի։

Որպես առանցքային հարց Փաշինյանը կրկին բարձրացրել է Միության ներսում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար։

ԵԱՏՄ նիստերին Փաշինյանը բազմիցս է խոսել ԵԱՏՄ շրջանակներում էներգակիրների ընդհանուր շուկա ստեղծելու խնդրից՝ նշելով, որ «Միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է դառնալ բազմաթիվ մարտահրավերների պատասխան՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը»:

Ապրանքների և ծառայությունների ամբողջական միասնական շուկայի հասնելու տեսանկյունից, Փաշինյանն այսօր կարևորել է նաև տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում ինտեգրացիան՝ շեշտելով՝ ճիշտ մոտեցման դեպքում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը կարող է ԵԱՏՄ-ի զարգացման հիմնական շարժիչներից մեկը և միավորման համար մրցակցային առավելություն դառնալ՝ ստեղծելով տարանցիկ փոխադրումների բարենպաստ կազմակերպչական և տնտեսական պայմաններ։

Գործադիրի ղեկավարը մեկ այլ կարևոր ոլորտ է համարել էլեկտրոնային առևտրի զարգացումը՝ անհրաժեշտ համարելով համատեղ ջանքերով օպերատիվ շարժվել էլեկտրոնային առևտրի նորմատիվ-իրավական միջավայրի բարելավման ուղղությամբ։

Հայկական կողմը ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու ընդհանուր օրակարգի առաջմղման գործում՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու նպատակով, եզրափակել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված նիստին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցում է նաև Ադրբեջանի վարչապետը:

Եվրասիական միջկառավարակն խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում՝ հոկտեմբերին։

Վարչապետը երեկ է մեկնել Ղրղըզստան։ Նեղ կազով նիստը երեկ էր։ Միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, հաղորդում են Հայաստանի կառավարությունից: Նիստից բացի, կառավարությունների ղեկավարները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել են Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջին նիստը հունիսին էր՝ Մինսկում:

XS
SM
MD
LG