Մատչելիության հղումներ

Վարչապետի այս տարվա ուղերձում, նախորդների համեմատ, փոխվել են շեշտադրումները` ներառելով անվտանգությունը


Անկախության «գործընթացը չի ավարտվել մինչև օրս, այն նման է առողջության, որի մասին հոգ պիտի տանես ամեն օր», այսօր՝ Հայաստանի Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի առթիվ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, ըստ վարչապետի` «կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի անկախության համար»:

44-օրյա պատերազմից երկու տարի անց առաջին անգամ Անկախության շնորհավորական ուղերձում Փաշինյանը նաև անվտանգության մասին է խոսում` ընդգծելով. «Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը, ցավոք, արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»։

Ինչո՞ւ է կառավարությունը պայքարում անկախության համար, և ի՞նչ մարտահրավերների առջև է Հայաստանը: Փաշինյանի ուղերձը սպառնալիքների մասին չէ, ասում է իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Միգուցե այդտեղ պայքար բառը պիտի ասվեր` աշխատում է ամեն օր, այդ պայքար բառը ենթադրում է, որ ինչ-որ սպառնալիք... սպառնալիք չկա, կա անհրաժեշտություն` իրոք ամենօրյա աշխատանքով զբաղվել այն բոլոր խնդիրների լուծմամբ, որոնք ամրապնդում են պետության և հասարակության ինքնիշխանությունը: Խոսքը դրա մասին է», - նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը:

Եվ եթե նախորդ տարիների տեքստերում Նիկոլ Փաշինյանը գլխավորապես կենտրոնացել էր Հայաստանի ներքին խնդիրների՝ կոռուպցիայի դեմ պայքարի ու ժողովրդավարության ամրապնդման վրա, ապա այս անգամ շնորհավորական տեքստում խոսել է նաև արտաքին հարաբերություններից, պնդելով, թե «անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ»:

«Մենք թեև մեր հարևաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որևէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետև նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում», - շեշտել է գործադիրի ղեկավարը։

«Բոլորը գիտեն` որ հարևանների մասին է խոսքը, ում հետ մենք հարաբերությունները կարգավորելու խնդիր ունենք` իհարկե, երաշխավորելով մեր պետության ինքնիշխանությունը, արժանապատվությունը», - նկատեց Վիգեն Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ ուղերձում որևէ կշտամբանք չկա Ռուսաստանի հասցեին

Առանց կոնկրետ երկրների անուններ նշելու Հայաստանի վարչապետն այս ուղերձում խոսել է նաև դաշնակիցներից, պնդելով. «Դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:

Արդյո՞ք խոսքը Ռուսաստանի մասին է, և հատկապես ի՞նչ համատեքստում է Մոսկվան դաշնակցել Երևանի դեմ, «Ազատությունը» հետաքրքրվեց Վիգեն խաչատրյանից։ Ըստ նրա՝ այսօրվա տեքստում որևէ կշտամբանք չկա Ռուսաստանի հասցեին, ընդհակառակը` ըստ պատգամավորի` Փաշինյանն ասում է, որ չպետք է մեր դաշնակիցներից նեղացած կեցվածք ընդունենք։

«Այսօր դա կարող է լինել Ռուսաստանը, վաղը կարող է լինել Ֆրանսիան, մյուս օրը կարող է լինել Հնդկաստանը, կապ չունի, այսինքն` պետք չի դա ակնկալել որպես կշտամբանք կոնկրետ դաշնակցին: Դա պետք է ընկալել, իմ կարծիքով, որպես նորմալ երևույթ, որ պետությունները հետապնդում են սեփական շահեր, և երբևէ որևիցե պետություն իր պետական շահը չի ստորադասի քո շահին: Ուրեմն, այստեղ է, որ մենք պետք է աշխատենք մինիմալիզացնել շահերի բախումները մեր հարևան և ոչ հարևան պետությունների հետ», - նշեց նա:

Այսօր հրապարակված տեքստի այս շեշտադրումներից որևէ մեկը Փաշինյանը չէր արել Անկախության հռչակագրի առթիվ իր նախորդ ուղերձներում։ Անցյալ տարի` 2020-ի պատերազմից հետո, նա խոսել էր մարտահրավերները հաղթահարելու, պետականության հիմքերն ամրացնելու ու ներդրումային գրավչությունը մեծացնելու մասին։

2020 թվականին հրապարակված ուղերձում էլ պնդել էր. «Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որն ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, և Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը»:

«Խոսում է անվտանգության մասին մի պետության «ղեկավար», որն ամեն ինչ արեց ջախջախելու երկրի անվտանգությունը». Լիլիթ Գալստյան

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի կարծիքով` այսօր Հայաստանի անկախությանը սպառնում են վարչապետն ու իշխող ուժը. «Խոսում է անվտանգության մասին մի պետության «ղեկավար», որն ամեն ինչ արեց ջախջախելու երկրի անվտանգությունը, խոսում է ամենօրյա աշխատանքի մասին, երբ որ ամենօրյա կրքով, ջանքով, ջերմեռանդորեն կազմաքանդել է պետականության ողջ կառույցները, խոսում է իրավական պետականության և օրենքի մասին, երբ որ երկրում հակասահմանադրական ընթացք որդեգրել է նա», - շեշտեց Գալստյանը:

2018-ին Հայաստաննի իշխանությունը ստանձնած ուժը ժառանգել էր և՛ անկախություն, և՛ ինքնիշխանություն, ասում է ՀՅԴ-ական պատգամավորը՝ ավելացնելով, որ այսօր Փաշինյանը խոստովանում է, որ պետությունը հասցրել են վտանգավոր կետի. «Այստեղ ծագում է երկրորդ հարցը` եթե դու գիտակցում ես, որ անզոր ես` ինքնիշխանություն, անկախություն և զարգացում ապահովել երկրի անվտանգություն և հարևանային, գործընկերային հարաբերություններ, թող գնա, ինչ որ մենք ուզում ենք քեզանից, ինչ որ ընդդիմությունը և հայ ժողովուրդը պահանջում է»:

Հիմնվելով 32 տարի` առաջ այս օրն ընդունված Անկախության հռչակագրի վրա՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին արդեն Հայաստանում անցկացվեց հանրաքվե, անկախության օգտին քվեարկեց հայաստանցիների 99,5 տոկոսը։

XS
SM
MD
LG