Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ստորև ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ․ - «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով։

29 տարի է անցել այն օրից, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Դա հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումն էր, որով ազդարարվեց հայոց պետականության սկիզբը։

Ինքնիշխանության հաստատման այդ տարիների ամեն օրը մեզ համար եղել է հանրային համակեցության դժվարությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների, հայտնի ու թաքուն փորձությունների անընդհատ շղթա, որը կարողացել ենք հաղթահարել դարձյալ միասնական կամքով ու նվիրումով:

Ղարաբաղյան գոյամարտը, 2016 թվականի ապրիլյան պատերազմը, 2018 թվականի ապրիլ-մայիսի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն անհաղթահարելի և անհնարին թվացող խնդիրները կարող է լուծել՝ ապավինելով բացառապես սեփական ներուժին, հավաքական կամքին ու զարգանալու անխախտ հավատին։

Վստահ եմ, որ հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության, ինքնիշխանության ու իրավունքի կորուստ: Երկիր մոլորակի վրա Հայաստանի Հանրապետությունը պիտի գոյի հավիտյան՝ բարձր ծածանելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը խորհրդանշող եռագույնը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG