30 տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորել է Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ:
«Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլևս անշրջելի մեր անկախության ճանապարհին: Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան:
Հայաստանի անկախության հռչակագիրը անանց փաստաթուղթ է, որովհետև դրանով հռչակված անկախությունն ինքը անանց ու անսակարկելի արժեք է», - ինչպես փոխանցում են նախագահի աշխատակազմից, ասված է ուղերձում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում շեշտել է, որ նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով, իսկ այդ հաղթանակներից ամենակարևորն «Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձևավորման հիմք ու խթան հանդիսացավ»:
«2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որն ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, և Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը:
Մեր առաջնային անելիքը շարունակում է մնալ նույնը` պետական և հանրային ինստիտուտների կայացումը: Բանակի բնականոն զարգացումը պետք է շարունակվի, և մենք պիտի խնդիր դնենք ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը:
Ընտրական անկեղծելի մեխանիզմ, անկախ դատական համակարգ, մեր պետության ու ժողովրդի ինստիտուցիոնալ նպատակները սպասարկող և մրցունակությունը բարձրացնող, կեղծիքից ազատ կրթական համակարգ, բարձր պրոֆեսիոնալիզմն ու արդյունավետությունը խթանող պետական կառավարման համակարգ, նորարար, ստեղծագործ ու մրցակցային տնտեսություն, պարտականություններին՝ իրավունքների համանմանությամբ նախանձախնդիր վերաբերվող քաղաքացի, գործարար, պաշտոնյա. սա է մեր առաջիկա հրատապ անելիքը, ինչը հնարավոր է իրականացնել միայն այնպիսի պայմաններում և մթնոլորտում, երբ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է իր անհատական վարքագծի ազդեցությունն իրականության վրա, երբ փոքրամասնության իրավունքների պաշտպանությունը չի դառնում պարտադրանք մեծամասնության նկատմամբ՝ երկիրը դատապարտելով հավերժական տեղապտույտի», - նշված է վարչապետի ուղերձում: