Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է 


Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է, և այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում, այսօր՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ հանդես գալով շնորհավորական ուղերձով` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և սա պատմական առաքելություն է մեզ համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն», - կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, մասնավորապես, ասել է Փաշինյանը։

1990թ. օգոստոսի 23-ին, երբ Խորհրդային Միությունը դեռևս գոյություն ուներ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով, ճի՛շտ է, չհայտարարվեց անկախ Հայաստանի Հանրապետության հիմնադրման մասին (երկրի անկախության հռչակումը տեղի կունենա մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեից հետո), սակայն, ինչպես նշված է 12 կետանոց փաստաթղթում, «հռչակվում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանին է վստահվել երկու անգամ խորհրդարանի ամբիոնից ընթերցել օրենսդրի պատմական որոշումները՝ 1990թ. ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը և 1991թ.՝ սեպտեմբերին 21-ին կայացած անկախության հանրաքվեից հետո խորհրդարանի որոշումը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Մանուկյանը, սակայն, մտահոգ էր՝ Հայաստանը ընթանում է պետականությունը կորցնելու ճանապարհով. «Այս ճանապարհը, որով մենք գնում ենք` առանց ուսումնասիրելու մեր պատմությունը, մեր իրականությունը, մեր չորս կողմի ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունները, մենք կարճ, ուղիղ ճանապարհով գնում ենք կործանման, մենք կորցնում ենք մեր պետականությունը:

Մենք այսօր ունենք սթափ մտքի դեֆիցիտ, անհամարձակ մարդկանց համատարած մի քանակություն, որոնք չեն հուզվում ուղղակի: Օրինակ ասեմ դաժան` այսօրվա հասարակությունը հանգիստ քեֆ է անում, զբոսնում է, տուրիստական մարդիկ ինչ ուզում են անեն, դրա մասին չի, բայց այսօրվա հասարակությունը չի եփում նրանով, որ դու գերիներ ունես, այսօրվա հասարակությունը չի անհանգստանում, չի մտահոգվում նրանով, որ սահմաններդ կրճատվում են` 21-րդ դարում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը կրճատվում է: Դուք Ձեր շրջապատում զգո՞ւմ եք վտանգը: Չեք զգա: Մտեք ռեստորան, մտեք սրճարան, ուր ուզում եք` գնացեք, չկա այդ մտահոգությունը: Մարդիկ դիտավորյալ երևի կամ ինչ-որ բանի ազդեցության տակ հետ են քաշվել, չկա:

Դուք պետականության զգացողություն, պետականության կորստի վտանգ, մտահոգություն զգո՞ւմ եք, չկա, գոյություն չունի: Հասարակությունը աղոթած է»:

Փուլը եկել է, որ հայ ժողովուրդն իր մեջից բարձրացնի անկեղծ, իրատես մտավորականների, հեղափոխականների, որոնք կկանգնեցնեն այս ընթացքը, շարունակեց Արամ Մանուկյանը. «Ի՞նչ է դրա համար պետք. նախ պետք է ունենալ համարձակությունը` ճշգրտել այսօրվա իրավիճակը, դիագնոզը տալ, ինչ է կատարվում Հայաստանում, վերլուծել և հաշտվել այդ վերլուծության արդյունքի հետ, որ Հայաստանում բազմապրոֆիլ, բազմակողմանի ճգնաժամ է` հոգեբանական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և այլն, և այդ փաստաթղթին, այդ իրողությանը նայել ուղիղ աչքերով, որից հետո որոշել` եթե այսպես է, ապա սրանից դուրս գալու ճանապարհը սա է` ում հետ ընկերություն անել, ինչ հայտարարություն անել, ինչի վրա շեշտը դնել, կրճատել բոլոր ծախսերը, մնացածը դնել բանակի վրա, օրինակ եմ ասում, կրճատել բոլոր հնարավոր ելքերը, շրջվել միայն ու միայն դեմքով կրթություն: Ես ասում եմ տարբերակներ` ես ունեմ իմ տարբերակը, բայց չանել սա չի կարելի:

Հարկավոր է ֆիքսել` ուր ես, ինչու ես այդտեղ և դրանից դուրս գալու ճանապարհները: Մենք միակը չենք այս աշխարհում, որ ապատիկ վիճակի մեջ ենք հայտնվել, այնքան երկրներ են եղել: Գերմանիան փշրված էր, ո՞նց դուրս եկավ, լեհերը ոնց դուրս եկան, հրեաները, ճապոնացիները ամենածանր ողբերգությունն ապրեցին ու դուրս եկան, մենք էլ դուրս կգանք»:

XS
SM
MD
LG