Մատչելիության հղումներ

Զելենսկին զավթված տարածքներում բնակվողներին հորդորում է հեռու մնալ ռուսական ռազմական ենթակառուցվածքներից


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ, Կիև, 15 օգոստոսի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ, Կիև, 15 օգոստոսի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ասել է, թե ռուսների կողմից բռնակցված Ղրիմում պայթյունները կարող են տարբեր պատճառներ ունենալ և այդ տարածքի բնակիչներին հորդորել է հեռու մնալ ռուսական ռազմական ենթակառուցվածքներից:

Մոսկվան երեկ հայտնել է, որ վերջին պայթյունները դիվերսիայի հետևանք են, իսկ Կիևն ակնարկել է, թե հնարավոր են նոր պայթյուններ ռուսական ռազմակայանի շրջանում, որը կարևոր դեր ունի Ուկրաինա ներխուժած ռուսական զորքերի մատակարարման համար:

«Ամեն օր, ամեն գիշեր մենք նոր հաղորդագրություններ ենք ստանում զավթիչների կողմից ժամանակավոր գրավված տարածքում տեղի ունեցող պայթյունների մասին: Ուստի, ես դիմում եմ Ղրիմի, ինչպես նաև հարավում զավթիչների հսկողության տակ հայտնված Դոնբասի և Խարկովի շրջանների մեր բոլոր բնակիչներին՝ չափազանց զգույշ եղեք, խնդրում եմ, մի մոտեցեք ռուսական ռազմակայաններին և բոլոր այն տեղերին, որտեղ կարող են գտնվել զինամթերքի պահեստներ և սարքավորումներ կամ տեղակայված լինեն շտաբներ»,- ասել է Զելենսկին:

Վերջին պայթյունների կապակցությամբ տեղական ռուսական իշխանությունները տարհանել են մոտ երկու հազար բնակիչների:

Զելենսկին ասել է, թե թշնամու զինամթերքի, ռազմական սարքավորումների, տեխնիկայի և հրամանատարական կենտրոնների ոչնչացումը թույլ է տալիս փրկել ուկրաինացի զինծառայողների կյանքը:

XS
SM
MD
LG