Մատչելիության հղումներ

Խրամորթցիներն աստիճանաբար վերադառնում են գյուղ


Փառուխի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ներխուժումից ու Քարագլուխ բարձունքի մի հատվածում դիրքավորվելուց ամիսներ անց էլ Խրամորթ դեռ ոչ բոլորն են վերադարձել, բնակիչներն աստիճանաբար են գալիս գյուղ։ 70-ամյա Էմմա Բաղդասարյանն անցած ամիս է տղայի, հարսի, թոռների հետ վերադարձել Խրամորթ, մինչ այդ ոչ շատ հեռու Իվանյանում էին ապրում՝ աղջկա տանը։

Ռուս խաղաղապահներ կան գյուղում, քիչ թե շատ հանգիստ են, նախկինի պես կրակոցներ չկան, գյուղը լքելու ադրբեջանցիների կոչեր ևս, բայց երեխաները վախենում են բակ դուրս գալ։ Գյուղի գրեթե բոլոր հատվածներից ադրբեջանցիների տեղաշարժը, դիրքերը տեսանելի են։

«Էս էլ երկու ամիս ա, որ Խոջալուից տեղափոխվել ենք տուն: Ոչինչ, չեն նեղացնում, բայց վախենում ենք: Ոչ մի բան չեն անում ո՛չ վերևից, ոչ ներքևից, բայց երեխաները վախենում են», - ասաց Էմմա Բաղդասարյանը:

Չնայած մտավախություններին, գյուղ վերադարձած մյուս խրամորթցիների պես, ինքն էլ կիսատ թողած գյուղատնտեսական աշխատանքներն է շարունակել, տանն արդեն իրենց աճեցրած բանջարեղենն են օգտագործում. «Պոմիդոր վարալ, վարունգ վարալ, ամեն ինչ, մենք հիմա օգտվում ենք: Արտը հնձել ենք, բերել տուն, ամեն ինչը նորմալ ա, ապրում ենք էլի, մեր երկիրն ա, գյուղն ա»:

Խրամորթից կանայք, ծերերն ու երեխաները 4 ամիս առաջ ստիպված էին հեռացել ու տեղավորվել հարևան համայնքներում՝ հարազատների, բարեկամների տանը, ոմանք էլ վարձով էին ապրում ու նրանց մի մասը դեռ գյուղ չի եկել, ասում է Խրամորթի բնակիչ Նաիրա Աբրահամյանը:

Տիկին Նաիրայի դստեր տունը հիմա ռուս խաղաղապահների համար դիտակետ է ծառայում։ Նաև դա է պատճառը, որ աղջկա ընտանիքը դեռ Ստեփանակերտում է. - «Դեռ մնում են վարձով քաղաքներում կամ գյուղերում, չգիտեմ իրենց բարեկամների տներում: Դեռ վերևից հրաման չկա, որ նրանք վերադառնան»:

Նաիրա Աբրահամյանը գյուղ առաջին վերադարձածներից է։ Ասում է՝ շուրջ 300 բնակիչներից մոտ 80 տոկոսն արդեն Խրամորթում է։ Գյուղում մինչ այդ հատուկենտ բնակիչներ կային, հիմնականում տղամարդիկ։ Լսել է՝ սեպտեմբերից նաև գյուղի դպրոցը կվերաբացվի։ Այն փակվել էր հարևան Փառուխ ադրբեջանական ներխուժումից հետո։

«Մի քանի շաբաթ առաջ մեր նախարարը եկել ա մեր գյուղ և զրուցել ա գյուղացիների հետ, ինքը հավատացրել ա, որ ոչ մի բան չի լինելու, ամեն ինչ լավ ա լինելու», - նշեց Աբրահամյանը:

Խրամորթում ու գյուղից դուրս բնակվող խրամորթցիների համար տևական ժամանակ է առաջնահերթությունները փոխվել են, գյուղացիները հույսը չեն կորցնում՝ մի օր գյուղում նախկին առօրյան կվերականգնվի։








XS
SM
MD
LG