Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի ռեժիմը շարունակում է հալածանքները ընդդիմախոսների նկատմամբ. Տիխանովսկայա


Երկու տարի առաջ այս օրը Բելառուսում սկսվեցին զանգվածային ցույցեր, որոնք աննախադեպ էին վերջին 30 տարվա մեջ։ Նախագահական ընտրություններից հետո փողոց դուրս եկան հարյուր հազարավոր մարդիկ․ նրանք կեղծված էին որակում պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն արդեն վեցերորդ անգամ անընդմեջ հաղթող էր ճանաչվել անկախ Բելառուսի առաջին և առայժմ միակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ցուցարարները պահանջում էին նրա հրաժարականն ու նոր ընտրություններ։ Եվրոպայի վերջին բռնապետը համարվող Լուկաշենկոն, սակայն, ճնշեց բողոքի ալիքը՝ դաժան ու բիրտ մեթոդներով, այդ թվում՝ Կրեմլի օգնությամբ։ Առայսօր հազարից ավելի ընդդիմադիր գտնվում է ճաղերի ետևում, շատերն էլ լքել են երկիրը՝ նախագահի նախկին թեկնածու, այժմ՝ ժողովրդավարական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի նման։

Վերջինս Настоящая Время-ին տված բացառիկ հարցազրույցում պնդել է՝ մինչև հիմա Լուկաշենկոյի ռեժիմը շարունակում է հալածանքները ընդդիմախոսների նկատմամբ:

«Ժողովրդի դեմ բռնաճնշումները դեռ շարունակվում են ամեն օր, տարբեր քաղաքներում։ Բայց այն ժամանակ թվում էր, թե ամեն ինչ ուր որ է կփլուզվի», - ասել է Տիխանովսկայան:

Պաշտոնական տվյալներով՝ միայն այդ օրերին Բելառուսում ավելի քան 13 հազար մարդ է ձերբակալվել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը հաղորդել էր ազատազրկվածների նկատմամբ կիրառված կտտանքների ու բռնությունների մասին։ Ընդդիմությունը հաղորդում է առնվազն 8 սպանվածների մասին, Լուկաշենկոյի վարչակազմը պնդում է՝ մահվան այդ դեպքերի հետ ոչ մի կապ չունի։

Դրամատիկ այդ իրադարձություններից հետո հազարավոր մարդիկ սկսեցին երկրից արտագաղթել։ Հարևան Լեհաստանը միայն 2020-ի օգոստոսից հետո՝ մեկ տարվա ընթացքում մուտքի արտոնություն է տվել բելառուսի մոտ 180 հազար քաղաքացու։

«Մեր պայքարը չի դադարել», - ասել է ընդդիմության առաջնորդը՝ նշելով, - «շատերն են հարցնում՝ ի՞նչ է լինելու 2025-ի նախագահական ընտրություններից հետո, և արդյոք մենք կհաջողենք մինչ այդ որևէ բան փոխել։ Կարծում եմ՝ այդ ժամանակ կլինեն նաև այլ ընդդիմադիր թեկնածուներ։ Իսկ մինչ այդ մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի Բելառուսը չնույնականացվի Լուկաշենկոյի վարչակազմի հետ»։

Սվետլանա Տիխոնվսկայան ասում է՝ բելառուսցիների համար կարևոր է միասնական լինել հատկապես հիմա, երբ Ուկրաինան պայքարում է Ռուսաստանի դեմ՝ սեփական ազատության և անկախության համար։ Երբ Ուկրաինան հասնի հաղթանակի, բելառուսները ևս պետք է օգտվեն այդ հնարավորություններից, ասել է նա։

«Մենք հասկանում ենք այդ կապը, և այն, թե ինչպես կավարտվի Ուկրաինայում պատերազմը Բելառուսի համար երկրում ռեժիմը փոխելու ևս մեկ հնարավորություն կլինի: Ուկրաինայի պատերազմը մեծ ցավ է պատճառում հատկապես ուկրաինացիներին, այո, նաև այն բելառուսներին, որոնք ինչ-որ ժամանակ ապրել են այնտեղ։ Բայց ուկրաինական պատերազմը չէ, որ մեզ համար հնարավորություններ է բացում։ Բելառուսին և բելառուս ժողովրդին պատերազմի արդյունքները հնարավորություն կտան անցնել հաջորդ փուլ և որդեգրել ժողովրդավարական ուղղին», - ընդգծել է Տիխանովսկայան:

2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Տիխանովսկայան ուսուցիչ էր՝ առանց քաղաքական փորձառության, թարգմանիչ: Երբ նրա ամուսնուն՝ հայտնի բլոգեր Սյարհեյ Տիխանովսկիին արգելեցին առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ հետո ձերբակալեցին, Տիխանովսկայան ստանձնեց ամուսնու առաքելությունը և անսպասելիորեն հայտնվեց Բելառուսի ժողովրդավարական շարժման առաջին շարքերում:

Այսօր, խոսելով անցած երկու տարիների արդյունքների ու ապագա անելիքների մասին Տիխանովսկայան պնդում է՝ ինքը չէր այս պատմության գլխավոր հերոսը, այլ՝ Բելառուսի ժողովուրդը, որ ուզում էր սեփական երկիրը տեսնել առավել ազատ ու ժողովրդավար։

«Մարդիկ իմ հետևից չէին գալիս, այլ՝ նոր Բելառուսի, և այդ պայքարը դեռ շարունակվում է», - Настоящая Время-ին ասել է Սվետլանա Տիխանովսկայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG