Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների հաստատման դեպքում Լուկաշենկոն ևս երկու անգամ առաջադրվելու հնարավորություն կստանա


«77 լրամշակված և 11 միանգամայն նոր հոդվածներ»․ մեկ տողով այսպես կարելի է բնութագրել Բելառուսի նոր Սահմանադրության՝ երկուշաբթի օրը հրապարակված նախագիծը։

Երկրի հիմնական օրենքի նոր տարբերակը, որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընդունվեց գրեթե մեկ տարի տևած կուլիսային քննարկումներից հետո, զգալիորեն բարդացնում է երկրի պետական կառավարման համակարգը։ Չնայած դրան, ըստ անկախ փորձագետների, դա չի հանգեցնելու զսպումների և հակակշիռների մեխանիզմի ձևավորմանը, և Բելառուսը շարունակելու է կառավարման սուպերնախագահական համակարգ ունեցող պետություն մնալ, որտեղ վերջին 27 տարիներին միայն մեկ նախագահ է եղել՝ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Այսպես, Սահմանադրության նոր նախագծի համաձայն, նույն անձը Բելառուսի նախագահի պաշտոնը չի կարող զբաղեցնել երկու անգամ անընդմեջ։ Այս դրույթը, սակայն, ուժի մեջ է մտնելու 2025-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո միայն, ինչը Լուկաշենկոյին տեսական հնարավորություն կտա դրանից հետո ևս երկու անգամ առաջադրվել։

Սահմանադրության նոր տարբերակով նախագահի առանց այդ էլ գրեթե միապետական լիազորությունները էլ ավելի են ընդլայնվել։ Երկրի ղեկավարին, օրինակ, հնարավորություն է տրվել խռովության, զանգվածային անկարգությունների կամ տարերային աղետների դեպքում երկրի տարածքում միանձնյա կերպով արտակարգ դրություն հայտարարել և դրանից հետո միայն, եռօրյա ժամկետում, դիմել խորհրդարանի վերին պալատին՝ այն հաստատելու խնդրանքով։

Ի դեպ, օրենսդիր իշխանության մասին․ ներկայում գործող երկպալատ խորհրդարանին Սահմանադրության նոր տարբերակի հեղինակները ավելացրել են նաև 1200 հոգանոց Համաբելառուսական ժողովրդական ժողովը, որը զուրկ լինելով օրենքներ ընդունելու լիազորություններից, այնուհանդերձ օժտված կլինի կառավարության գործունեությունը վերահսկելու, նախագահին իմպիչմենտ հայտարարելու և բելառուսական զորքի կիրառումը երկրի սահմաններից դուրս թույլատրելու իրավունքներով։ Բացի այդ, ըստ նախագծի, զգալիորեն ընդլայնվելու են Անվտանգության խորհրդի լիազորություննեը։ Այս կառույցն է, որ նախագահի մահվան դեպքում, պետք է փոխարինի նրան՝ առժամանակ ստանձնելով երկրի կառավարումը։

Արտաքին քաղաքականություն․ նոր սահմանադրության դրույթների մի մասը նվիրված է արտաքին քաղաքականությանը։ Բելառուսը, ըստ նոր Սահմանադրության, ձգտելու է չեզոք պետության կարգավիճակի, դրան էլ գումարած, սահմանադրորեն կարգելվի օգտագործել երկրի տարածքը որևէ երրորդ պետության դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու նպատակով։

Բելառուսական իշխանությունների մտահաղացմամբ, առաջիկա երկու ամիսներին նախագիծը կդրվի համաժողովրդական քննարկման, որից հետո էլ, փետրվարի երկրորդ կեսին, կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, իր ենթականերին խորհուրդ է տալիս հստակորեն հաշվի առնել այն հանգամանքը, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում պետական համակարգի վերաձևումները բավական երկար ժամանակ կպահանջեն, ուստի երբեմն նաև իշխանական շրջանակներում ծագող խոսակցությունները, թե սահմանադրական հանրաքվեին հաջորդելու են արտահերթ ընտրությունները, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Բելառուսի ղեկավարը մեկ անգամ ևս հայտարարեց անցած շաբաթավերջին՝ Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ։

«Եթե որևէ մեկին թվում է, որ մենք այս ամենը հապշտապ կերպով կընդունենք և այդպես էլ կթողնենք, և շիլաշփոթ ու քաոս կսկվի, դա չի լինելու։ Նոր Սահմանադրության ընդունումից հետո, որոշումներ կկայացնենք, կկառուցենք կառավարման նոր մեխանիզմներ և նոր միայն՝ դեպի ընտրությունների նոր ցիկլ», - հայտարարում էր Լուկաշենկոն։

«Վարչակազմը փորձում է վերադարձնել ընտրություններից հետո կորսված լեգիտիմությունը»

Բելառուսական ընդդիմության համոզմամբ, սահմանադրության փոփոխություններ նախաձեռնելով Լուկաշենկոն միայն մեկ նպատակ է հետապնդում՝ մեղմել 2020 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո ծագած ներքաղաքական ճգնաժամի հետևանքները:

«Հանրաքվեի իմիտացիայով վարչակազմը փորձում է վերադարձնել 2020 թվականի ընտրություններից հետո կորսված լեգիտիմությունը»՝-ընդդիմության առաջնորդների օրերս հրապարակված համատեղ կոչում նշում էր Բելառուսի նախկին մշակույթի նախարար,այժմ տարագրության մեջ գտնվող Պավել Լատուշկոն։

Ընդդիմության առաջնորդ, 2020-ին Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան նույն տեսահոլովակում բացահայտեց այն մարտավարությունը, որ որդեգրելու են Լուկաշենկոյի ընդդիմախոսները սահմանադրական հանրաքվեի ընթացքում։

«Իրականսում սա Սահմանադրությանը նվիրված հանրաքվե չէ, սա Լուկաշենկոյի անվստահության հանրաքվեն է։ Եթե դուք համաձայն չեք այն անօրինականություններին, որոնք այսօր կատարվում են մեր երկրում, եկեք հանրաքվեն անվավեր դարձնենք», - կոչ էր անում Տիխանովսկայան։

Բելառուսական ընդդիմության ղեկավարները իրենց կողմնակիցներին առաջարկում են հանրաքվեի օրն անպայման գնալ տեղամասեր, սակայն ոչ թե դեմ քվեարկել ներկայացված նախագծին, այլ փչացնել քվեաթերթիկները։

XS
SM
MD
LG