Բելառուսում 2020 թվականի օգոստոսի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի և երթերի հազարավոր մասնակիցներ ձերբակալվել են: Հարյուրավոր մարդիկ դատապարտվել են:
«Ապօրինի միջոցառումներին մասնակցելու և հասարակական կարգը խախտելու մեղադրանքով այսօրվա դրությամբ հարուցվել է 468 քրեական գործ 631 քաղաքացիների նկատմամբ, նրանցից ավելի քան 400-ն արդեն դատապարտվել են տարբեր պատժաչափերի»,- հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազությունը:
Իրավապահների փոխանցմամբ, դատապարտվածների թվում են մարդիկ, ովքեր բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, հրապարակավ սպառնացել կամ վիրավորել են նրանց, ոչնչացրել են մասնավոր սեփականությունը կամ հեգնական վերաբերմունք են դրսևորել պետական խորհրդանշանների նկատմամբ:
2020 թվականի օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններում, ըստ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մեծ առավելությամբ հաղթել է երկիրը 1994 թվականից ղեկավարող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի ընդդիմությունը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ իշխանությունները կեղծել են արդյունքներն, իսկ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել համատարած խախտումներ:
Ընտրություններից հետո հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել, բախումներում սպանվել է մի քանի մարդ, հարյուրավոր քաղաքացիներ վնասվածքներ են ստացել:
Արևմուտքը չի ճանաչել այդ ընտրությունների արդյունքները և պատժամիջոցներ է սահմանել պաշտոնական Մինսկի նկատմամբ:
Լիտվայում ապաստանած ընդդիմադիր լիդեր Սվետլանա Տիխանովսկայան, ով, ըստ ընդդիմության, հաղթել է ընտրություններում, այսօր պետք է մասնակցի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած լսումներին՝ «Կանանց դերը Բելառուսի դեմոկրատական շարժման մեջ» թեմայով: