Մատչելիության հղումներ

Բաքուն ու Անկարան քննարկում են համագործակցությունը էներգետիկ ոլորտում


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը, արխիվ
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը, արխիվ

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկում են համագործակցությունը էներգետիկ ոլորտում։

Նախօրեին Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ղեկավար Ռովշան Նաջաֆը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև շարունակվող դրական համագործակցության կապակցությամբ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մասնակցությամբ իրականացվող համաշխարհային նախագծերը ծառայում են երկու երկրների ռազամավարական շահերին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այս հանդիպումը հաջորդում է Բաքվի և Բրյուսելի միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։ Գործարքի համաձայն, Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող Հարավային գազային միջանցքը և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, Բաքու, 19-ը հուլիսի, 2022թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, Բաքու, 19-ը հուլիսի, 2022թ․
Էներգակիրներով հարուստ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի խաչմերուկում գտնվող Թուրքիան իր գազատարների հսկայական ենթակառուցվածքներով արդեն իսկ կապված է մայրցամաքային Եվրոպայի գազամատակարարման ցանցին։ Այժմ Անկարան վստահ է, որ կարող է վճռորոշ դեր խաղալ ռուսական էներգառեսուրսներից, մասնավորապես, գազից Եվրամիության կախվածությունը վերացնելու գործում:

Եվրամիության համար ռուսական էներգակիրներին այլընտրանք համարվող Բաքուն դեպի Եվրոպա արտահանումներն իրականացնում է հենց Թուրքիայի տարածքով։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ TANAP գազատարը կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանքը Եվրոպայի համար։

1850 կիլոմետր ձգվող այդ գազատարով նախ Թուրքիան է տարեկան առնվազն 6 միլիարդ խորանարդ մետր գազ ստանում ադրբեջանական Շահ Դենիզից, ապա նաև Եվրամիությունը՝ մոտ 10 միլիարդ խորանարդ մետր:

Իբրահիմ Քալըն
Իբրահիմ Քալըն

Այդպիսով Ադրբեջանը տարիներ շարունակ Թուրքիայի գազ մատակարարող հիմնական երկիրն է և թուրքական հիվանդ տնտեսության ամենախոշոր ներդրողներից մեկը։

Անցած աշնանը մոտ մեկ տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո մերձավոր դաշնակիցները նոր փաստաթուղթ ստորագրեցին, որը փոխարինում է գազի առևտուրը կարգավորող 20-ամյա պայմանագրին։

Հեյդար Ալիևի նախագահության օրոք կնքված գործարքի ժամկետն ավարտվել է անցած ապրիլին։ Նոր պայմանավորվածության մանրամասները հայտնի չեն։ Մասնավորապես չի հայտարարվել, թե ինչ գնով է Բաքուն Անկարային գազ վաճառում։

Ոլորտի փորձագետները միայն ենթադրում են, որ ամիսներ ձգված բանակցությունները, հարցի վերաբերյալ կողմերի սակավախոսությունը վկայում են, որ Բաքուն ու Անկարան, չնայած եղբայրական հարաբերություններին, տարաձայնություններ ունեն ինչպես գազի գների, այնպես էլ Թուրքիային անհրաժեշտ գազի ծավալների շուրջ, որն իբր Բաքուն ի վիճակի չէ բավարարել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG