Մատչելիության հղումներ

ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար


Մոտ մեկ շաբաթ առաջ դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու և մեղավորներին հայտնաբերելու համար Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել։

Գլխավոր դատախազությունը միայն փոխանցում է, որ իրավապահները քննություն են վարում բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով։ Կասկածյալներ դեռ չկան:

Թե ինչն է եղել «Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, 57-ամյա պրոդյուսեր Գրիգորյանի մահվան պատճառը, դեռևս պարզ չէ։ Սովորաբար նման դեպքերում նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն, որով էլ պարզվում են մարդու մահվան հանգամանքները։

«Երբ մենք խոսում էինք առողջության մասին, ասում էր՝ «լսեք, ո՞վ է մեզնից բժիշկը, ես, թե՞ դուք», նա ասում էր, որ «ես իմ բուժմամբ զբաղվում եմ», և մեզ ուղղակի այդպես էլ թույլ չտվեց այդպես էլ մինչև այսօր, որ մենք դատարանի առջև կամ որևէ մարմնի առջև խոսենք իր առողջական խնդիրների մասին», - իր պաշտպանյալի մահից մի քանի ժամ անց ընդդիմության հանրահավաքի ընթացքում նման հայտարարությամբ հանդես էր եկել փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ պնդելով, թե Գրիգորյանն ուներ առողջական խնդիրներ, որոնց մասին, սակայն, չէր բարձրաձայնում, որ չմտածեին՝ այդպես փորձում է պատասխանատվությունից խուսափել։

Ընդդիմության աջակից Գրիգորյանը մեղադրվում էր ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու հոդվածով, նա իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր Շիրակի և Արարատի մարզի բնակիչների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Կալանքի տակ էր երկու ամիս, նրան ազատ արձակելու միջնորդությունը դատարանը մերժել էր։

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ բանտում գտնվելու ողջ ընթացքում Գրիգորյանը և նրա պաշտպանը առողջական խնդիրների մասին քրեակատարողական հիմնարկի ծառայողներին, վարչակազմին ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր դիմումներ չեն ներկայացրել: Միաժամանակ, գերատեսչությունը տեղեկացրել է, որ Արմավիրի բանտ տեղափոխվելու հաջորդ օրը բժշկական զննությամբ պարզվել է, որ Գրիգորյանը ունի գանգատներ՝ գլխացավ, գլխապտույտ, երբեմն՝ բարձր ճնշում, նրա մոտ նախնական ախտորոշվել է զարկերակային հիպերտենզիա, վեգետոնևրոզ։

«Անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Արմեն Գրիգորյանը գտնվել է բժշկական անձնակազմի հսկողության տակ, ստացել է բուժում», - հաղորդում է Արդարադատության նախարարությունը:

«Ես քաղաքական հետապնդման եմ ենթարկվում ու այս քաղաքական հետապնդումը ես պատվով եմ տանելու», և մինչև վերջին պահը ինքը պատվով տարավ այդ խաչը: Երկրորդը՝ ես տեսա, որ ինչ-որ պաշտոնական շրջանակներ սկսել են սլաքները ուղղել քրեակատարողական հիմնարկի նկատմամբ, հանուն արդարության և հենց այսօր ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում Արմենի հիշատակի առջև, ես ուզում եմ անկեղծորեն ասել, որ քրեակատարողական հիմնարկում մենք չենք տեսել Արմենի նկատմամբ որևէ վատ վերաբերմունք», - ասաց փաստաբան Մելիքյանը:

Իրավապաշտպանը կալանքի հաճախ կիրառումը խիստ մտահոգիչ է համարում

Գրիգորյանի մահից հետո Հայաստանում կրկին ակտիվացան կալանքի հաճախ ու անհարկի կիրառման մասին քննարկումները։ Եվրոպական դատարանում ազատությունից ապօրինի զրկելու հայցերով վճիռները երկրորդ տեղում են արդար դատաքննության իրավունքի խախտումներից հետո։ Բանտերում հասարակական դիտորդություն իրականացնող խմբի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը կալանքի հաճախ կիրառումը խիստ մտահոգիչ է համարում։

«Թե՛ նախկին իշխանությունների պարագայում, թե՛ այժմ նախնական կալանքը կիրառվում է որպես անձին ճնշելու կամ որոշակի պատժողական քաղաքականություն իրականացնելու անձի նկատմամբ միջոց, որն ամենևին չի համապատասխանում այն մոտեցմանը, ինչ որ Քրեական դատավարության օրենսգրքում նախանշված է», - ասաց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը վկայակոչում է օրենքը, որտեղ նշվում է, որ դատարանը մեղադրյալին կարող է կալանավորել ծայրահեղ դեպքերում, եթե ունի հիմնավոր կասկած, որ նա կխուսափի կամ կթաքնվի գործի քննությունից։

«Արդյոք տվյալ դեպքում արժեր կիրառել հենց այդ կարծես թե ամենածայրահեղ միջոցը նախաքննության փուլում իրականացվող, որը պետք է նախաքննության մարմնին հնարավորություն տար ամբողջական քննություն իրականացնելու: Ստորագրություն չհեռանալու մասին, գրավի կիրառում, այս միջոցները եթե կարող են պարտավորեցնել, որ անձը պատշաճ կերպով նախաքննության պրոցեսին ներկայանա, բոլոր գործողությունները իրականացնի, կարծում եմ, կալանավորումն ուղղակի անիմաստ է կիրառել», - ընդգծեց Զարուհի Հովհաննիսյանը:

Վերջին տարիների կառուցված Արմավիրի բանտը պահման պայմանների լուրջ խնդիրներ ունի, Գրիգորյանի մահվան մասին խոսելիս ընդգծում է իրավապաշտպանը։ Հովհաննիսյանի խոսքով, այն չունի օդափոխության համակարգ, ինչի կարիքը հատկապես ամռանն ավելի շատ է զգացվում։ Կարծում է՝ քննությունը պետք է պարզի՝ առողջական խնդիրներ ունեցող, բայց այդ մասին չբարձրաձայնած Գրիգորյանի հարցում որ օղակն է թերացել։

«Ի՞նչ քայլեր են իրականացվել: Մենք, իհարկե, պատրաստում ենք գրություններ, որոնցով պարզ կդառնա, թե ինչպիսի բժշկական գործողություններ են կատարվել Արմեն Գրիգորյանի ճնշման կայունացմանը հասնելու ուղղությամբ», - ասաց Հովհաննիսյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանն ասում է՝ Գրիգորյանի մահվան հարցով դիմել են դատախազություն, Արդարադատության նախարարություն, պատասխաններ դեռ չեն ստացել։ Մասնագետը վիճակագրություն է ներկայացնում ազատազրկման վայրերում պահվող մարդկանց առողջության վերաբերյալ:

«Ազատությունից զրկված անձանց 50 տոկոսը խրոնիկ հիվանդություններով է տառապում, դա մշտական պահպանվող ցուցանիշ է, և այդ անձինք վերցված են դիսպանսեր հսկողության», - նշեց Գասպարյանը:

Իր հերթին, դիտորդական խումբը ևս ահազանգում է բանտերում կալանավորների առողջական, պահման պայմանների խնդիրների մասին։ Այսպես, 2021-ին արձանագրվել է մահվան 13, ինքնասպանության 3 և ինքնավնասման 366 դեպք։

XS
SM
MD
LG