Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի և ևս 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության, 2020 թվականի փետրվարի 1-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահՎ․Վ․-ն իր մտերիմ Ն․Չ․-ի անվամբ հիմնադրել է ճարտարապետական և նախագծային աշխատանքների կատարման ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող առևտրային կազմակերպություն, մասնակցել դրա կառավարմանը, կազմակերպությանը արտոնություններ և առավելություններ տրամադրել:
Այնուհետև, դատախազության փոխանցմամբ, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, Վերմիշյանը հանձնարարել է Ն.Չ.-ին աշխատանքի ընդունել Քաղաքաշինության պետական կոմիտեում, փաստացի ազատել նրան ծառայողական պարտականությունների կատարումից՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրա կողմից իր ապօրինի մասնակցությամբ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար և Ն․Չ․-ի կողմից փաստացի չաշխատելու պայմաններում պետության միջոցների հաշվին վերջինիս վճարել 1 միլիոն 478 հազար 483 դրամ աշխատավարձ:
Դրանից հետո,Դատախազությունը նշում է, որ Վ․Վ․-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ուղղորդել է շինարարական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործարքներ կնքել իր անմիջական մասնակցությամբ գործող առևտրային կազմակերպության հետ, անձամբ վերահսկել է նախագծերի կազմման գործընթացը, հանձնարարել իրեն ենթակա պաշտոնատար անձանց մասնագիտական և այլ օգնություն ցուցաբերել փաստաթղթերի ապահովման գործընթացում, ինչի արդյունքում Վ․Վ․-ի անմիջական մասնակցությամբ գործող առևտրային կազմակերպության հետ կնքվել են ավելի քան 27 մլն դրամի գործարքներ, որնց կատարման արդյունքում ստացված ֆինանսական միջոցները Վ․Վ.-ն և Ն․Չ․-ն տնօրինել են համատեղ։
Բացի այդ, Վ.Վ.-ն շինարարության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների տնօրեններ Գ.Գ․-ից և Վ․Պ.-ից՝ ՀՀ պատվավոր կոչում շնորհելուն, նշված անձանց պատկանող շինարարական կազմակերպություններին պետական և մասնավոր պատվերներով ապահովելուն նպաստելու համար 2019-ի հոկտեբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք 5 հազար ԱՄՆ դոլար և շուրջ 1 միլիոն 290 հազար դրամ արժողությամբ շինարարական նյութեր և ապրանքներ։
2019-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում, ըստ հաղորդագրության, Վ․Վ․-ն փաստացի իր մտերիմ Ջ․Ֆ․-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների և սեղմ ժամկետներում տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով իր ղեկավարած պետական մարմնի աշխատակցին հանձնարարել է կազմել անհրաժեշտ էսքիզային նախագծերը՝ թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու և Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից չբխելու հանգամանքը: Ապա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով փորձել է ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց՝ նպաստելով թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելուն՝ դրա դիմաց Ջ.Ֆ․-ից ստանալով խոշոր չափի՝ 952 հազար դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար կաշառք:
Դրանից բացի, Վ.Վ.-ն Երևան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցման աշատանքներ նախաձեռնած Զ․Հ․-ից խաբեությամբ՝ հափշտակել է 1 միլիոն 193 հազար 575 դրամ գումարին համարժեք 2 հազար 500 ԱՄՆ դոլար գումար։
Գլխավոր դատախազությունը նշում է՝ պարզվել է նաև, որ 2019-ի դեկտեմբերի 26-ին Վ․Վ-ն ընդունել է ինքնակամ կառույցն օրինականացնելուն, դրանով ծանրաբեռնված հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար իրեն խոշոր չափերով կաշառք տալու Ռ․Խ․-ի առաջարկը։
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մաս 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2 կետերով` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:Կաշառք տալու, փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև դրա օժանդակության համար քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ անձանց։
«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է քրեական գործից անջատված մասով կազմված մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում են», - ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2020-ի փետրվարին Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Մինչ պաշտոնից ազատվելը նա ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի մարտից։