Մատչելիության հղումներ

Ըստ վրաց նախկին պաշտոնյայի, ադրբեջանցի լրագրողին Վրաստանում առևանգել էին Իվանիշվիլիի հրամանով


Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին Բեռլինում, 17-ը մարտի, 2020թ․
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին Բեռլինում, 17-ը մարտի, 2020թ․

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին փոխտնօրենը պնդում է, որ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին տարիներ առաջ Վրաստանում առևանգել են իշխող ուժի փաստացի առաջնորդ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հրամանով։

Իսկ թե ում հրամանով կամ խնդրանքով է Իվանիշվիլին ընդդիմադիր լրագրողին փոխանցել Ադրբեջանի իրավապահներին, Սոսո Գոգաշվիլին չի պարզաբանում։

Վրացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը հատուկ ծառայությունների տվյալները գաղտնազերծելու մեղադրանքով շաբաթներ առաջ ձերբակալվել է, Ռուսթավիի բանտից որոշել է գաղտնազերծել նաև ադրբեջանցի լրագրողի հինգ տարվա վաղեմության աղմկահարույց առևանգումը։

Սոսո Գոգաշվիլի
Սոսո Գոգաշվիլի

Գոգաշվիլին բանտից ուղարկած իր նամակում հայտարարում է, որ Մուխտարլիի առևանգման գործով բոլոր ապացույցները վերացրել է նախկինում իր գլխավորած կառուցի օպերատիվ-տեխնիկական գերատեսչությունը, որի գործառույթների մեջ է մտնում գաղտնի քննչական միջոցառումների իրականացումը։

Բանտարկված նախկին պաշտոնյան թվարկել է, իր խոսքերով, Իվանիշվիլիի հրամանները կատարողներին՝ ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրի, Անվտանգության պետական ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլի։

Ընդդիմադիր լրագրող, նախկին քաղբանտարկյալ, այժմ Գերմանիայում բնակվող Աֆղան Մուխտարլին արդեն արձագանքել է վրացական հատուկ ծառայությունների նախկին ղեկավարի հայտարարություններին։

«Մտավարի» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ մտադիր է հասնել իր առևանգման գործով Գոգաշվիլիի հարցաքննությանը և պատրաստվում է Եվրոպայում Վրաստանի նախկին վարչապետի դեմ դատական հայց ներկայացնել։

Բիձինա Իվանիշվիլի
Բիձինա Իվանիշվիլի

2017 թվականի մայիսի 29-ին ադրբեջանցի հետաքննող լրագրողը դուրս է եկել Թբիլիսիի կենտրոնում գտնվող իր բնակարանից և անհետացել։ Նույն օրը նրա կինը հայտարարել է, որ իր ամուսնուն առևանգել են և գաղտնի տեղափոխել Բաքու, որտեղից ժամանակին փախուստի էր դիմել Ալիևի վարչակազմի ճնշումներից դրդված։

Առևանգման հաջորդ օրը Մուխտարլին Բաքվում էր՝ ձեռնաշղթաներով։

Մուխտարին բանտից տեղափոխվում է Բաքվի դատարան, 9-ը հունիսի, 2017թ․
Մուխտարին բանտից տեղափոխվում է Բաքվի դատարան, 9-ը հունիսի, 2017թ․

Ադրբեջանի իրավապահները նրան մեղադրանք էին առաջադրել սահմանն ապօրինի հատելու և խոշոր չափի գումար տեղափոխելու հոդվածներով։

Ադրբեջանի իշխող ընտանիքի մասնակցությամբ մի շարք կոռուպցիոն գործարքներ հետաքննած լրագրողը մեղադրանքը չէր ընդունել, մոտ երեք տարի բանտարկությունից հետո ազատ է արձակվել՝ միջազգային ճնշման արդյունքում։

Վրաստանում ադրբեջանցի լրագրողի առևանգման գործի քննությունը մինչ օրս շարունակվում է, նա տուժողի կարգավիճակ է ստացել միայն անցած տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG