Մատչելիության հղումներ

ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը. Ազգային ժողովը, 58 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Պաշտպանության մասին օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը։

Ըստ այդմ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց նա չլինի նախարարին փոխարինող անձը։ Գերատեսչության ղեկավարի բացակայության պայմաններում սովորաբար առաջին տեղակալն է նրան փոխարինում, բայց իշխանությունը Սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնյայի դեպքում հատուկ կարգավորում է մտցնում։

Երեկ քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով փոփոխությունների նպատակի մասին՝ ասաց․ - «Առաջարկության նպատակն է բարելավել Զինված ուժերի ղեկավարման ուղղահայացի համակարգը և բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը»։ Թե ինչպե՞ս, չբացատրեց։

Թեև կառավարությունը հիմնավորում է, թե փոփոխությունն անում են բանակի ղեկավարման արդյունավետության բարձրացման նպատակով, պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Սեյրան Օհանյանը երեկ հայտարարեց՝ պաշտպանության նախարարը քաղաքացիական է, քաղաքական թիմի անդամ, իսկ Գլխավոր շտաբի պետը՝ զինվորական, իշխանությունը այս փոփոխությամբ քաղաքականացվում է զինվորական ամենաբարձր պաշտոնը։

Զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին պետը Արտակ Դավթյանն էր, նա ազատվել է պաշտոնից այս տարվա փետրվարին։ Դրանից հետո գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար է դարձել առաջին տեղակալ Կամո Քոչունցը, ով հիմա էլ շարունակում է պաշտոնավարել։ Դրանից մեկ տարի առաջ էլ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ էր արվել, երբ նա և ևս 40 բարձրաստիճան զինվորականներ պահանջել էին վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ սա ռազմական հեղաշրջման փորձ էր համարել։ Արդեն ավելի քան հինգ ամիս թափուր մնացած Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, Պապիկյանն ասել էր, նշանակում կլինի միայն օրենքի փոփոխությունից հետո։

XS
SM
MD
LG