Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․կառավարությունը հավանություն տվեց օրինագծին


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, գշխավոր շտաբն էլ այլևս գնումներով չի զբաղվի․ կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, այն համարեց անհետաձգելի և ուղարկեց Ազգային ժողով։

Գործող օրենքով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբն է կազմակերպում «Զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովումը»։

Զինված ուժերը պետք է զբաղվի միայն իրեն վերապահված գործով, ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շարունակելով՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները, զբաղվել մարտական պատրաստվածությամբ, այսինքն՝ «այն ամենով, որը բարձրացնելու է բանակի մարտունակությունը»։

«Այլ խնդիրները պետք է իրականացնեն Պաշտպանության նախարարության այլ վարչությունների կողմից՝ հիմնականում քաղաքացիական։ Բոլոր այն հնարավոր ուղղություները, որոնք հնարավոր կլինի պատվիրակել, ապա դրանք պիտի պատվիրակվեն, որի արդյունքում Զինված ուժերի մեր գործընկերները կունենան ավելի շատ ժամանակ զբաղվելու իրենց առաքելությամբ», - ասաց Պապիկյանը։

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պաշտոնանկ արվեց այս տարվա փետրվարին՝ արդեն երկրորդ անգամ․ Դավթյանը պաշտոնավարել է 2018-ից 2020 թվականներին, հետո էլ կրկին նշանակվել Գլխավոր շտաբի պետ՝ անցած տարեսզբին, երբ նախկին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և այլ բարձրաստիճան սպաներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, արդյունքում Գասպարյանը պաշտոնանկ արվեց։

XS
SM
MD
LG