Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, օրակարգում 23 հարց է, այդ թվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը։
Ազգային ժողովի հերթական նիստերը գումարվելու են սեպտեմբերին, կան օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկումը նպատակահարմար է կազմակերպել մինչև սեպտեմբերի հերթական նիստերի մեկնարկը, խորհրդարանի ամիբոնից ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությամբ Փաշինյանի կաբինետը ուզում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, որը սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնյան է, դարձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց նաև որ նա չլինի նախարարին փոխարինող անձը։ Սովորաբար առաջին տեղակալն է փոխարինում գերատեսչության ղեկավարին։
Խորհրդարանական ընդդիմադիրների կարծիքով՝ իշխանությունը այս նախագծով քաղաքականացնում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ «Զուտ ներքաղաքական խնդիր են լուծում։ Իրենք կարծում են, թե դրանով խորը վերահսկողություն են ապահովելու զինվորականի նկատմամբ», - «Ազատությանն» ասել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Չնայած քննադատություններին՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում քննարկումներին։