Մատչելիության հղումներ

ԳՇ պետը՝ պաշտպանության առաջին փոխնախարար․ Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը


Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում, 55 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ, ընդունեց Պաշտպանության մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը։

Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Սա դասեր քաղելու նախագծերի փաթեթ է, որովհետև մենք դառը փորձ ունենք, կյանքը ցույց է տվել, որ շատ հարցերում մենք, թերացումների պատճառով, մեր խնդիրները չենք կարողացել լուծել։ Խնդիրն ամենևին անձերի մեջ չէ, խնդիրը համկարգային է, և սա այն ճանապարհն է, որի միջոցով մենք փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և համակարգը դարձնել ավելի սահուն և ղեկավարման օղակը դարձնել վերից վար», - նախքան քվեարկությունն ասաց նախարարը։

Անդրադառնալով քննադատությանը, թե սա Զինված ուժերը նախարարին ենթարկելու փորձ է, Պապիկյանը հակադարձեց՝ ոչ թե փորձ է, այլ հստակ քայլ է՝ «Զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին»։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին ո՛չ նիստին, ո՛չ քվեարկությանը։ Պապիկյանն ասաց, որ ընդդիմադիրների օբյեկտիվ առաջարկները չէր մերժի, իսկ «պատատակերին և թաքուն քննադատությունները չի ընդունելու ի գիտություն»։

Փոփոխությամբ վարչապետ Փաշինյանի կաբինետը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, որը Սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնյան է, դարձնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց նա չի լինի նախարարին փոխարինող անձ։

Զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին պետը Արտակ Դավթյանն էր, նա ազատվել է պաշտոնից այս տարվա փետրվարին։ Դրանից հետո գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար է դարձել առաջին տեղակալ Կամո Քոչունցը, ով հիմա էլ շարունակում է պաշտոնավարել։

Դրանից մեկ տարի առաջ էլ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ էր արվել, երբ նա և ևս 40 բարձրաստիճան զինվորականներ պահանջել էին վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ սա ռազմական հեղաշրջման փորձ էր համարել։

Գլխավոր շտաբի պետի պաշտոնը հետպատերազմական Հայաստանում թափուր է արդեն հինգ ամիս։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում էր՝ նոր պետ կնշանակվի միայն օրենքի փոփոխությունից հետո։

XS
SM
MD
LG