Մատչելիության հղումներ

ԳՇ պետը կենթարկվի պաշտպանության նախարարին․ Կառավարությունը փոփոխություն է նախատեսում


Պաշտպանության նախարար Սուրեն Պակիկյանը Սյունիքում։ 17-ը մարտի, 2022
Պաշտպանության նախարար Սուրեն Պակիկյանը Սյունիքում։ 17-ը մարտի, 2022

Կառավարությունը փոփոխություններ է նախատեսում բանակում, որոնց արդյունքում գլխավոր շտաբի պետը կենթարկվի պաշտպանության նախարարին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մենք ունենալու ենք նոր մոդել, որով գլխավոր շտաբի պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Զինված ուժերը զբաղվելու են միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Այսինքն՝ այն գործով, ինչով պիտի զբաղվի», - ասել է Պապիկյանը։

Հայաստանի Սահմանադրությամբ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է, արդյոք առաջարկվող փոփոխությունը կարող է հակասություն առաջացնել Սահմանադրության հետ։ «Ազատության» այս հարցմանը արդարադատության նախարարությունից պատասխանեցին, որ որևէ հակասություն չեն տեսնում։ ​

Մինչ այդ, ըստ Պապիկյանի, նախաձեռնել են օրենսդրական փոփոխություն, որն առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով։ Թե կոնկրետ երբ, նախարարը չի նշել։

Հարցին, թե արդյոք սպասվող այս փոփոխությունն է պատճառը, որ Հայաստանը մինչև օրս չունի գլխավոր շտաբի պետ, ինչի համար արժանանում է և՛ խորհրդարանական ընդդիմադիրների, և՛ այլ ուժերի քննադատությանը, պաշտպանության նախարարը պատասխանել է․ - «Պատճառը դա չէր, պատճառը նաև ճիշտ որոշում կայացնելն է իհարկե, բայց նաև այսօրվա շտաբի պետի պաշտոնակատարն ամբողջությամբ իրականացնում է շտաբի պետի լիազորությունները, ես ուզում եմ հասկանալ՝ խնդիրն ինչի՞ մեջ է»։

Զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին պետը Արտակ Դավթյանն էր, նա ազատվել է այս տարվա փետրվարին։ Դրանից հետո գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար է դարձել առաջին տեղակալ Կամո Քոչունցը, ով հիմա էլ շարունակում է պաշտոնավարել։

Դրանից մեկ տարի առաջ էլ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ էր արվել, երբ նա և ևս 40 բարձրաստիճան զինվորականներ պահանջել էին վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ սա զինված հեղաշրջման փորձ էր համարել։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը շտաբի պետ չնշանակելու մասին նախարարի բացատրությունը համոզիչ չի համարում, ըստ նրա՝ Պապիկյանը մեկ անելիք ունի՝ շտաբի պետի թեկնածու առաջարկելը. - «Դա արվում է վարչապետի ներկայացմամբ, նախագահն է նշանակում և այլն բայց ակնհայտ է, որ հիմնական հարցերը նաև նրա ակտիվ միջամտությամբ է լինում։ Եվ այս պահին կեղծ, թվացյալ փոփոխությունների փաթեթներ ներկայացնելու փոխարեն լավ կլիներ, որ նրանք զբաղվեին այն գործով, որի համար այնտեղ նշանակված էին։ Չնայած քաղաքական առումով այս իշխանությունից որևէ սպասելիք այլևս չկա»։

Զինված ուժերում սպասվում են այլ փոփոխություններ ևս

Նախատեսվող փոփոխություններով, Զինված ուժերի գլխավոր շտաբն այլևս չի զբաղվի գնումներով ու թիկունքի սպասարկմամբ։ Մինչդեռ գործող օրենքի համաձայն, Զինված ուժերի գլխավոր շտաբն է կազմակերպում «Զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովումը»։

«Այդ ամենով պետք է զբաղվեն այլ վարչություններ՝ պաշտպանության նախարարության կազմում գտնվող։ Այսինքն՝ սկսած թիկունքային ապահովումից, պիտի իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված։ Ինչպես սննդի պատվիրակումն է հաջող իրականացվել, չնայած բազում քննադատություններին», - ասել է նախարարը։

Պապիկյանը հակադարձել է ընդդիմախոսների այն պնդումներին, թե բանակում պատերազմից հետո ակնկալվող փոփոխությունները այդպես էլ տեղի չեն ունենում՝ ասելով, թե ընդիմախոսներն բոլորից լավ գիտեն, որ ամեն ինչի մասին չէ, որ կարող են բարձրաձայն խոսել, այդ թվում՝ զենքի ձեռք բերմանն առնչվող հարցերի. - «Գաղտնի ընթացակարգով կատարվող գործողություններ են։ Իրենք հատուկ են դրա մասին խոսում։ Կան պրոցեսներ, կան բանակցություններ, դրանց մասին խոսել չի կարելի ընդհանրապես։ Դրա մասին է խոսքը։ Խոսքը ֆիզիկապես զենք-զինամթերքը միայն Հայաստանի Հանրապետություն տեղափոխման մասին չէ։ Կա պլանավորում, կա ընթացք, կան պայմանագրեր»։

Պատերազմից հետո առաջացած նոր սահմանները կահավորելու, առաջնագիծ հասնող ճանապարհների կառուցման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում, վստահեցրել է նախարարը։

Տիգրան Աբրահամյանը հակադարձում է. - «Ենթակառուցվածքների հետ կապված հարցերը բավականին բարդ են։ Այնպես էլ չի, որ դրանք հեշտ լուծվող են, որովհետև կան տեղամասեր, որոնք հակառակորդի ուղիղ նշանառության տակ են և այլն։ Բայց խնդիրը այն է, որ ծավալային առումով, թիրախային առումով ըստ կարևորության, ըստ նշանակության աշխատանքները չի իրականացվել»։

Թեև հայ-ադբեջնական սահմաններին պարբեաբար լարված իրավիճակներ են լինում, այնուամեյանիվ, ըստ պաշտպանության նախարարի, պատերազմի վտանգ այս փուլում տեսանելի չէ։

XS
SM
MD
LG