«Մեծ յոթնյակի» չորս երկրներ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան, շուտով կարգելեն ռուսական ոսկու ներկրումը որպես ավելի կոշտ պատժամիջոցների մաս՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժման Ուկրաինա: Այս մասին Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի մեկնարկման օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ G7-ի բոլոր երկրները համաձայնել են արգելել Ռուսաստանից ոսկու ներկրումը (բացի վերը նշվածներից, այն ներառում է Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան-խմբ.)։ Արգելքին նրանց միանալու մասին դեռևս չի հաղորդվում: Կիրակի օրը ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ գագաթնաժողովի արդյունքը, ինչպես ակնկալվում է, կլինի «Մեծ յոթնյակի» երկրների համատեղ որոշումը ռուսական ոսկու նկատմամբ էմբարգոյի վերաբերյալ։
Ըստ Ջոնսոնի՝ արգելքը հարվածելու է ռուս օլիգարխներին, ովքեր վերջերս իրենց ակտիվները վերածել են ոսկու, և «Պուտինի ռազմական մեքենային»։
Հայտարարության մեջ նշվում է, որ անցյալ տարի ոսկու արտահանումը Ռուսաստանի տնտեսությանը բերել է ավելի քան 15 մլրդ դոլար։
Արգելքը չի ազդի Ռուսաստանից արդեն համաշխարհային շուկա առաքված ոսկու վրա։