Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակի երկրները Ուկրաինային կաջակցեն «այնքան, որքան անհրաժեշտ է»


Գերմանիա, Բավարիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները, 26-ը հունիսի, 2022թ.
Գերմանիա, Բավարիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները, 26-ը հունիսի, 2022թ.

Բավարիայում այսօր կշարունակվի երեկ մեկնարկած Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովը:

Մեծ յոթնյակի երկրները պատրաստվում են մինչև 2027 թվականը ներգրավել 600 միլիարդ եվրո զարգացող երկրներում ենթակառուցվածքների զարգացման համար՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բազմատրիլիոն դոլար արժողությամբ նախագծին հակազդելու համար: 200 միլիարդ դոլար ընդհանուր բյուջե կներգրավի Միացյակ Նահանգները:

Սպիտակ տան կայքում տեղադրված հուշագրում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և G7-ի մյուս առաջնորդներն սկսում են պաշտոնական գործընկերություն, որը կվերացնի զարգացող երկրներում ենթակառուցվածքների թերությունները, կամրապնդի համաշխարհային տնտեսությունը և մատակարարման շղթաները:

Ֆինանսավորումը կուղղվի կլիմայի և էներգետիկ անվտանգությանը, թվային հաղորդակցությանը, առողջապահությանը և գենդերային հավասարությանը:

Բացի այդ, ԱՄՆ և Գերմանիայի առաջնորդները գագաթնաժողովի շրջանակում պայմանավորվել են շարունակել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ G7-ի հռչակագրի նախագծում ասվում է․ աշխարհի ամենազարգացած երկրները Ուկրաինային ռազմական, հումանիտար, դիվանագիտական աջակցություն կտրամադրեն այնքան, որքան անհրաժեշտ է։

Մեծ յոթնյակի գագաթնաժողովը մեկնարկել է երեկ և կտևի ևս երկու օր, այն անցնում է Բավարիայի Ալպերի Էլմաու դղյակում: Բացի անդամ պետություններից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից, միջոցառմանն այս տարի հրավիրված են նաև Ինդոնեզիան և Հնդկաստանը։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մտադիր է այցելել Ռուսաստան և Ուկրաինա։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վիդոդոն իր այցն անվանում է «խաղաղապահ առաքելություն» և մտադիր է կոչ անել երկու երկրների նախագահներին հնարավորություն ստեղծել երկխոսության համար։ Ինդոնեզիայի նախագահն ասիական առաջին ղեկավարն է, ով այցելելու է Ռուսաստան և Ուկրաինա ռազմական գործողությունների սկսվելուց հետո:

Երեկ հայտնի է դարձել նաև, որ Մեծ յոթնյակի խմբի չորս երկրները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան, շուտով որպես պատժամիջոցների խստացման մի մաս արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրա: Այս մասին կիրակի՝ գագաթնաժողովի բացման օրը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ G7-ի բոլոր երկրները՝ նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, համաձայնել են միանալ ռուսական ոսկու էմբարգոյին:

Ըստ Ջոնսոնի՝ արգելքը հարվածելու է վերջերս իրենց ակտիվները ոսկու վերածած ռուս օլիգարխներին և «Պուտինի ռազմական մեքենային»։

Միայն անցած տարի ոսկու արտահանումը Ռուսաստանի տնտեսությանը բերել է ավելի քան 15 միլիարդ դոլար։

XS
SM
MD
LG