Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը շարունակում են շարժվել Լիսիչանսկի ուղղությամբ


Սևերոդոնեցկից նահանջելուց հետո ուկրաինական զորքերը շարունակում են համառ դիմադրություն ցուցաբերել հարևան Լիսիչանսկում։ Կիևում, սակայն, խոստովանում են՝ այս քաղաքում ևս ուկրաինական ստորաբաժանումները բախվում են շրջապատման մեջ հայտնվելու իրական սպառնալիքին։

«Դոնեցկի ուղղությամբ թշնամին հիմնական ջանքերը կենտրոնացնում է Լիսիչանսկի և Բախմուտի շրջաններում։ Նպատակը Լիսիչանսկի շրջապատումն է», - հայտարարում է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը՝ հավելելով, որ ռուսական հարձակման ուղղություններից է նաև Վոլչեյարովկա գյուղը, որի հարևանությամբ է գտնվում Լիսիչանսկի նավթամշակման գործարանը։

Բախմուտ
Բախմուտ

Շտուպունի խոսքով, ռուսական զորքերը մասնակի հաջողությունների են հասել Բախմուտի ուղղությամբ։ Ըստ ուկրաինացի զինվորականի, այստեղ նրանց հաջողվել է ամրանալ Կլիոնովեյե գյուղի հարավային հատվածում և դեպի Բախմուտ տանող E-40 ավտոճանապարհի մերձակայքում՝ Ուկրաինայի խոշորագույն Ուգլեդարի ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ։

Շտուպունի հիշատակված տեղանքը գտնվում է Բախմուտ (նախկին Արտյոմովսկ) քաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։ Բախմուտը կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Այն գրավելու դեպքում ռուսական ուժերին կհաջողվի միաժամանակ երկու խնդիր լուծել՝ արևմուտքից դուրս գալ Լիսիչանսկում կռվող ուկրաինական ուժերի թիկունք, հարավից էլ ընդհուպ մոտենալ Դոնեցկի մարզի ուկրաինական վարչակազմի նստավայր հանդիսացող Կրամատորսկ քաղաքին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին անդրադարձել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին

Դոնբասում թեև ոչ այնքան արագ, բայց անշեղորեն շարունակվող ռուսական հարձակման պայմաններում անցած գիշեր Ուկրաինայում ստեղծված կացությանը կրկին անդրադարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Պաշտոնական Կիևի պահանջով հրավիրված այդ նիստի մասնակիցներին հեռավար կապով դիմեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինական պետության ղեկավարը կրկին խոսում էր երկուշաբթի օրը Կրեմենչուգ քաղաքի առևտրի կենտրոններից մեկի հրթիռակոծության մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, առնվազն 18 խաղաղ բնակիչ էր զոհվել։

«Եթե ռուսական պետությունը պնդում է, որ այդ բոլոր մարդիկ իր կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով չէ, որ զոհվել են, ապա ես առաջարկում եմ՝ ՄԱԿ-ը կարող է այդ հարցը քննելու նպատակով կամ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ նշանակել, կամ էլ լիարժեք լիազորություններով օժտված հանձնաժողով ձևավորել, որը կայցելի Կրեմենչուգ։ Դա հնարավորություն կտա ՄԱԿ-ին տեղեկատվություն ստանալ անկախ աղբյուրներից և համոզվել, որ տեղի ունեցածը իրոք ռուսական բանակի հրթիռակոծություն էր», - հայտարարում էր Զելենսկին։

Կրեմենչուգ
Կրեմենչուգ

Դրանից քիչ անց, իր ամենօրյա կեսգիշերային ուղերձի ընթացքում Ուկրաինայի նախագահը մի կարճ տեսագրություն ցուցադրեց, որում, իր խոսքով, պատկերված էր Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծության պահը։ Զելենսկու համոզմամբ՝ այդ տեսանյութը վկայում է, որ ռուսական հարվածի թիրախը հենց առևտրի կենտրոնն էր, այլ ոչ թե հարևանությամբ գտնվող Կրեմենչուգի ավտոգործարանը, ինչպես հայտարարում է պաշտոնական Մոսկվան։

Արևմտյան աղբյուրները, մասնավորաբար AP գործակալությունը, սակայն, նշում են, որ առայժմ չեն կարող անկախ աղբյուրների վրա հիմնվելով հաստատել Ուկրաինայի նախագահի տարածած տեսագրության իսկությունը։

Կրեմենչուգի հրթիռակոծությունից հետո կինը մոմ է վառում առևտրի կենտրունում
Կրեմենչուգի հրթիռակոծությունից հետո կինը մոմ է վառում առևտրի կենտրունում

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության ամենօրյա ամփոփագրում ևս այսօր կասկածներ են հնչում, թե ի սկզբանե ռուսական հարվածների թիրախը բուն առևտրի կենտրոնն է եղել։

«Իրական հավանականություն կա, որ հունիսի 27-ին Կրեմենչուգում տեղի ունեցած հրթիռակոծության թիրախը ոչ թե առևտրի կենտրոնն էր, այլ հարևանությամբ գտնվող ենթակառուցվածքային օբյեկտներից մեկը։ Նախկինում ևս Ռուսաստանի կողմից իրականացվող հեռահար հարվածների անճշտությունը քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի էր հանգեցրել։ Այդպես էր, օրինակ, ապրիլին Կրամատորսկի երկաթուղային կայարանին հասցված հարվածի դեպքում», - նշում են բրիտանացի ռազմական հետախույզները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG