Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը ստիպված են հեռանալ Սևերոդոնեցկի շրջանից


Լիսիչանսկի հրետակոծումը, արխիվ
Լիսիչանսկի հրետակոծումը, արխիվ

«Անիմաստ է մնալ ավերված դիրքերում»

Ուկրաինայի բանակի վիճակը Լուգանսկի շրջանում խիստ անբարենպաստ է, ռուսական ուժերի հուժկու հրետանային հարվածները և դանդաղ, բայց վստահ առաջխաղացումն ուկրաինացիներին ստիպում է նահանջել:

«Ուկրաինայի բանակի և Ազգային գվարդիայի զինծառայողներն արդեն ստացել են նոր դիրքեր տեղափոխվելու և թշնամուն հնարավորինս մեծ վնաս հասցնելու համար այնտեղ անհրաժեշտ պայմաններ ապահովելու հրամանը»,- հայտնել է Լուգանսկի շրջանի ղեկավար Սերգեյ Հայդայը:

Նրա փոխանցմամբ, ուկրաինական ուժերը հեռանում են Սևերոդոնեցկի շրջանից, քանի որ անիմաստ է մնալ ավերված դիրքերում, որտեղ զոհերի թիվը հետզհետե ավելանում է: Հայդայը ասել է, որ ռուսները 4 ամիս ամենօրյա ռեժիմով ռմբահարում և հրետակոծում են ավանը, որի բնակելի շենքերի և այլ կառույցների 90 տոկոսը կա՛մ վնասվել, կա՛մ ամբողջապես ոչնչացվել է: Այսօր ավերակների վերածված Սևերոդոնեցկում պատերազմից առաջ 100 հազար մարդ է ապրել:

«Պատերազմի հետազոտությունների ինստիտուտ» անվամբ ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով, ռուսական զորքերը, հավանաբար, արդեն հասել են Լիսիչանսկի հարավային սահմանին և ամրապնդում են խմբավորումը Սևերոդոնեցկի շուրջ` նպատակ ունենալով վերջնականապես գրավել այդ երկու ավանները:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հունիսի 24-ի առավոտյան հայտնած տվյալներով, ռուսական ստորաբաժանումները Լիսիչանսկից հարավ՝ Սևերսկի Դոնեց գետի աջ ափին ճեղքել են ուկրաինական պաշտպանական դիրքերը, բայց ուկրաինացիները կարողացել են հարավից և արևմուտքից ետ մղել գրոհը:

Ռուսներն ակտիվ կրակի տակ են պահում Խարկովի և Սլովյասկի շրջանների բնակավայրերն, ինչպես նաև Բախմուտ-Լիսիչանսկ կարևոր նշանակության ավտոմայրուղին:

Խոսելով բանակը Սևերոդոնեցկից հետ քաշելու մասին, Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Պավլո Կիրիլենկոն ասել է, թե դա անհրաժեշտ է զինվորների կյանքը խնայելու համար:

«Պետք է ամրապնդվել նոր դիրքերում և այնտեղից հարվածներ հասցնել թշնամուն»,- ասել է Կիրիլենկոն:

Նրա խոսքով, Դոնեցկի շրջանում ռուսները հսկողության տակ են վերցրել ընդհանուր տարածքի կեսից ավելին: Շուրջ 100 ավաններ և գյուղեր չունեն ոչ գազ և ոչ էլ էլեկտրականություն: Ընդ որում՝ Դոնեցկի շրջանում ռուսների գրաված բնակավայրերի 55 տոկոսն ամբողջությամբ ավերված է:

«Դժբախտաբար, Գորսկոյեն զավթված է»

Պատերազմի հետազոտությունների ինստիտուտի փորձագետների կարծիքով, Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի գրավումը, որքան էլ դա տարօրինակ է հնչում, գործնականում ռուսներին ոչ թե առավելություն կտա հաջորդ օպերացիաներն անցկացնելու առումով, այլ ընդհակառակը՝ կթուլացնի նրանց դիրքերը, քանի որ զորքի հոգնածության պայմաններում կստիպի ուժեր տրամադրել նվաճածը պահպանելու համար:

Ռուսները փորձում են շրջափակել դիմադրության վերջին օջախները Դոնբասում: Նրանք արդեն գրավել են Սևերոդոնեցկի շրջանի Գորսկոյե ավանը:

«Դժբախտաբար, այսօրվա դրությամբ Գորսկոյեն զավթված է, արվարձաններում դեռ ընթանում են տեղական նշանակության մարտեր, բայց թշնամին արդեն մտել է ավան»,- հայտնել է Գորսկոյե ավանի ղեկավար Օլեքսի Բաբչենկոն:

Այս ավանի կորուստը հղի է Լիսիչանսկը երեք կողմից շրջափակելու վտանգով: Մինչդեռ, ռուսները հաղորդում են, որ այդ տարածքում ոչնչացրել են մեծ թվով մարդուժ և տեխնիկա ու գերեվարել են հակառակորդի մի քանի տասնյակ զինծառայողների:

Նրանց Մոսկվան բաժանում է երեք կատեգորիաների՝ ուկրաինացի զինծառայողներ, նացիստներ և արտասահմանցի վարձկաններ:

Պաշտպանության նախարարության խոսնակ գերերալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ, Գորսկի շրջանում շրջապատման մեջ են հայտնվել չորս գումարտակ, ազգայնականներ և վարձկաններ:

«Ընդհանուր հաշվով կաթսայի մեջ է 1800 զինծառայող, 40 միավոր զրահամեքենա, մոտ 80 հրանոթ և ականանետ»,- ասել է Կոնաշենկովը:

Մարտական ինքնաթիռ` ավտոմեքենայի «նավիգատորով»

Բրիտանիայի պաշտպանության նախարարության փորձագետներն այսօրվա վերլուծական զեկույցում նշել են, որ, ըստ հետախուզական տվյալների, ռուսների կողմից մարտերին մասնակցում են պաշտոնաթող զինծառայողներ, որոնց հավաքագրել է Vagner Group մասնավոր ռազմական ընկերությունը:

Այդ մասին վկայություն է տվել մեկ ամիս առաջ ուկրաինացիների կողմից խոցված ինքնաթիռի գերեվարված ռուս օդաչուն՝ ինքը պահեստի մայոր:

Ուկրաինայի ռազմաճակատում պահեստի օդաչուների և մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակիցների մասնակցությունը ստիպում է ենթադրել, որ զինված ուժերում առկա է կադրային խնդիր:

Բրիտանացիները ռուսական բանակի դժվարությունների մասին վկայող ևս մեկ հանգամանք են նշում՝ Vagner Group-ի կողմից հավաքագրված օդաչուներին տրամադրում են օդանավեր, որոնք ունեն ոչ թե արդիական ավիացիոն սարքավորում, այլ գլոբալ տեղորոշման համակարգ, նույն ինքը քաղաքացիական GPS, որը կարելի է գնել էլեկտրոնիկայի խանութից:

Փաստորեն, Vagner Group-ը մարտական օդանավի վրա տեղադրում է ավտոմեքենայի «նավիգացիա», ինչն ինքնին խոսուն փաստ է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG