«Մենք ընդհանուր առմամբ հետաքրքրված ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները ամբողջովին նորմալացվեն», - այսօր Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ, իհարկե, գիտեն Ադրբեջանի առաջարկների, հայկական կողմի դիրքորոշումների մասին, որոնք նույնպես հանձնվել են թղթին, և ընդգծել, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկելու, ինչ կարող է՝ աջակցելու համար փոխադարձ համաձայնության կայացմանը։
Լավրովի խոսքերով՝ նպատակաուղղված են բոլոր համաձայնությունների լիարժեքորեն իրականացմանը։
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը, ըստ կառավարության, քննարկել են նաև հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանն, իր հերթին, կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը՝ ակնկալելով ՌԴ աջակցությունը սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքներին։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը։ «Որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս հարցում ևս ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս հումանիտար հարցը վերջապես ամբողջական լուծում ստանա», - ասել է նա, հաղորդում է կառավարությունը։
ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերակատարումը: