Մատչելիության հղումներ

Լիտվան դադարեցրել է մի շարք ապրանքների տարանցումը Կալինինգրադ, Ռուսաստանն այդ քայլը «սադրիչ» է որակում


Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այսօր հայտարարել է, որ Մոսկվայի պատասխանը Կալինինգրադի տրանսպորտային շրջափակմանը լուրջ և զգայուն կլինի Լիտվայի ժողովրդի համար: Նա նաև հավելել է, թե հաշվի առնելով նոր սպառնալիքները, այդ թվում՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ, Ռուսաստանի սահմանների պաշտպանությունը պետք է ուժեղացվի:

Լիտվան այսօրվանից դադարեցրել է եվրոպական պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքների տարանցումը իր տարածքով դեպի Ռուսաստանի Կալինինգրադի մարզ։

Այս ապրանքների ցանկում են, մասնավորապես, ինքնաթիռի վառելիքը, մետաղներ, սիգարներ, օծանելիք, կերամիկական կամ քարե իրեր, 750 եվրոյից թանկ կենցաղային տեխնիկա, բնական գազի հեղուկացման տեխնոլոգիական կայանքներ։

Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտնել է, որ այս սահմանափակումները կարող են ազդել ներկրվող ապրանքների մինչև 50 տոկոսի վրա։

Հուլիսի 10-ից ԵՄ պատժամիջոցները կտարածվեն նաև ռուսական այլ ապրանքների՝ ցեմենտի, ալկոհոլի, օգոստոսի 10-ից՝ ածուխի, դեկտեմբերի 5-ից՝ ռուսական նավթի վրա։ Կալինինգադը ցամաքային սահման չունի Ռուսաստանի մնացած տարածքի հետ և մարզի համար գործում էր տրանզիտի հատուկ ռեժիմ թե՛ բեռնատարների, թե՛ քաղաքացիների համար։

Ուկրաինական պատերազմը փոխել է այս իրավիճակը, և վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատման էպիկենտրոնում կարող է հայտնվել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանին անցած Կալնինգրադի մարզը։

Պաշտոնական Մոսկվան լիտվական կողմի գործողությունները «սադրիչ» ու «բացահայտ թշնամական» է որակել՝

Մինչ Վիլնյուսը հայտարարում է, թե միակողմանի ոչ մի վճիռ չի կայացրել և ընդամենը կատարում է Եվրամիության հաստատած որոշումները, Մոսկվան անընդունելի է համարում այս քայլը և ակնարկում համարժեք պատասխանի մասին։ Երեկ Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Նրան «խիստ բողոք» են հայտնել երկաթուղային տարանցման արգելքի առնչությամբ և պահանջել անհապաղ վերացնել սահմանափակումները։

Պաշտոնական Մոսկվան լիտվական կողմի գործողությունները «սադրիչ» ու «բացահայտ թշնամական» է որակել՝ հայտարարելով, որ Վիլնյուսը խախտում է միջազգային պարտավորությունները, որն ավելի վաղ ստանձնել էր մերձբալթյան հանրապետությունը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում նշված է․ «Եթե մոտ ապագայում Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության մնացած տարածքների միջև բեռնափոխադրումը ամբողջությամբ չվերականգնվի, ապա Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում գործողություններ ձեռնարկել իր ազգային շահերը պաշտպանելու համար»:

Կոշտ էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի արձագանքը։ Դմիտրի Պեսկովը Կալինինգրադի մարզով երկաթուղային տարանցիկ բեռնափոխադրումները արգելափակելու Լիտվայի որոշումը աննախադեպ է որակել, հավելելով, թե այն հնարավոր «ամեն ինչի խախտում է»։ Պեսկովն ասել է, որ Կրեմլն այս որոշումը կապում է տարանցման վերաբերյալ Եվրամիության պատժամիջոցները երկարաձգելու ցանկության հետ, ինչը, Կրեմլի խոսնակի խոսքով, անօրինական է։

Միաժամանակ Պեսկովը նշել է, որ Կալինինգրադի շրջափակմանը համապատասխան արձագանքելու համար անհրաժեշտ է իրավիճակի խորը վերլուծություն. «Իրավիճակն այս առումով ավելի քան լուրջ է, և դա շատ խորը վերլուծություն է պահանջում»:

Այն, ինչ հիմա կատարվում է, մոտ է casus belli-ին` պատերազմ սկսելու ֆորմալ պատճառի. վերլուծաբան

Վերլուծաբանները չեն բացառում, որ Կրեմլը Լիտվայի այս քայլը կարող է ներկայացնել որպես պատերազմի պատրվակ։ Լիտվան, սակայն, ՆԱՏՕ-ի անդամ է, և պատերազմ հայտարարելով Լիտվային ցանկացած պատրվակով նշանակում է պատերազմ հայտարարել հյուսիսատլանտյան դաշինքին։

Լիտվացի վերլուծաբան, Վիլնյուսի համալսարանի պրոֆեսոր Գինտաուտաս Մաժեյկիսը, օրինակ, գրում է, թե Ռուսաստանի պատասխանը Լիտվայի կողմից Կալինինգրադի մասնակի շրջափակմանը կարող է լինել «ռացիոնալ կամ իռացիոնալ»: Ռացիոնալ՝ այսինքն բանակցություններ և Կալինինգրադի ապաշրջափակում Օդեսայի ապաշրջափակման դիմաց և իռացիոոնալ՝ այսինքն պատերազմ:

«Ինչ վերաբերում է Կալինինգրադի շրջանի մասնակի շրջափակմանը և Ռուսաստանի կողմից հնարավոր պատասխանին. այն, ինչ հիմա կատարվում է, մոտ է casus belli-ին` պատերազմ սկսելու ֆորմալ պատճառի», - նշել է վերլուծաբանը:

Ընդ որում՝ քաղաքագետն ավելի հավանական է համարում Մոսկվայի իռացիոնալ մոտեցումը և եզրակացնում, թե այս դեպքում Կրեմլը կարող է չեղարկել Լիտվայի անկախության ճանաչումը, ինչը նշանակում է պատերազմ հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG