Մատչելիության հղումներ

Պուտինը պնդել է, թե Ռուսաստանը քայլ առ քայլ կարգավորում է տնտեսական իրավիճակը


Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում Ռուսաստանի նախագահի ելույթի մեծ մասը նվիրված էր պատժամիջոցներին ու Արևմուտքի քննադատությանը։ Հիմնական ուղերձն էլ այն էր, թե Ռուսաստանի դեմ Արևմուտքի «տնտեսական բլիցկրիգը տապալվել է»։

Խոսելով այսպես կոչված` «հատուկ գործողության» մասին` Վլադիմիր Պուտինը դարձյալ հայտարարել է՝ այն սկսելու որոշումը բարդ էր, բայց անհրաժեշտ, քանի որ Արևմուտքը չէր ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ։

«Հատուկ օպերացիայի բոլոր խնդիրներն անպայման լուծվելու են: Մենք ուժեղ ենք և կարող ենք դիմակայել ցանկացած մարտահրավերի. մեր ողջ հազարամյա պատմությունը խոսում է այս մասին», - ասել է նա:

Ռուսաստանի նախագահը պնդել է, թե միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվել է՝ չնայած այն ցանկացած միջոցներով պահպանելու բոլոր փորձերին. «Նախկինի պես չի լինելու, ոչինչ հավերժ չէ: Արևմուտքի գործընկերները փորձում են հակազդել պատմության ընթացքին, մտածում են անցյալ դարի տրամաբանությամբ, պատրանքների մեջ են և փոփոխությունները չեն ուզում նկատել»։

Պուտինն արևմտյան պատժամիջոցները խելագար և չմտածված է որակել ու վստահեցրել, թե Ռուսաստանը քայլ առ քայլ կարգավորում է տնտեսական իրավիճակը։ Ընդ որում. Ռուսաստանի առաջնորդն այսօր հայտարարել է, թե արևմտյան պատժամիջոցներից առաջին հերթին տուժում են հենց դրանք սահմանած երկրները։

«Միայն պատժամիջոցների տենդից ԵՄ-ի ուղղակի կորուստները մեկ տարվա ընթացքում կարող են գերազանցել 400 միլիարդ դոլարը: Այդ ծախսերը հոգում են մարդիկ, եվրոգոտու որոշ երկրներում գնաճն արդեն 20%-ից բարձր է», - նշել է Պուտինը։

Ավելին՝ Ռուսաստանի նախագահը պնդել է, թե Ուկրաինայի դեմ ավելի քան երեք ամիս տևող պատերազմը չէ միջազգային տնտեսության ճգնաժամային զարգացումների և հումանիտար խնդիրների պատճառը։ Իր ելույթի վերջում, ի դեպ, Պուտինը կոչ է արել ռուսաստանցի գործարարներին Ռուսաստանի կայսրության առևտրականների օրինակով ներդրումներ կատարել Ռուսատսանում` նրանց թվում հիշատակելով նաև հայ առևտրականներին:

XS
SM
MD
LG