Մատչելիության հղումներ

Եվրամիությունը և Ճապոնիան կշարունակեն Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Տոկիո, 12-ը մայիսի, 2022թ.
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Տոկիո, 12-ը մայիսի, 2022թ.

Եվրամիության լիդերներն այսօր ասել են, որ կառույցը ցանկանում է ավելի ակտիվ դերակատար դառնալ Ասիայի լարվածության գոտում:

Տոկիոյում տեղի են ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի բանակցությունները: Երեք լիդերները քննարկել են նաև Ուկրաինայի թեման:

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցնցել է միջազգային իրավակարգի հիմքերը ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիայում, և դա բացարձակ անընդունելի է: Համագործակցելով Մեծ յոթնյակի շրջանակներում՝ Ճապոնիան խստագույն պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի նկատմամբ», - ասել է Կիշիդան:

«Մեր հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը շարունակում է դաժան հարձակումն Ուկրաինայի ժողովրդի վրա: Մենք միասնական պատասխան ենք տվել, դատապարտել ենք հարձակումը և պատժամիջոցներ ենք սահմանել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի մեծարգո վարչապետին այս հարցում դրսևորած համերաշխության համար: Մենք միասին կարևոր մարդասիրական, ֆինանսական և ռազմական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային և նրա ժողովրդին», - ասել է Միշելը:

«Հնդկական-Խաղաղօվկիանոսյան շրջանը ծաղկման, բայց և լարվածության շրջան է: Վերցրեք Արևելյան կամ Հարավային Չինական ծովը, կամ Հյուսիսային Կորեայի խնդիրը: Մենք քննարկել ենք այս ամենը, պարոն վարչապետ Կիշիդա, սիրելի Ֆումիո, Եվրամիությունը ցանկանում է ավելի ակտիվ լինել», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Եվրոպական միության բարձրաստիճան ղեկավարները նաև շնորհակալություն են հայտնել Ճապոնիային «այս դժվար ժամանակներում հեղուկ գազ Եվրոպա ուղարկելու համար» և հավատացրել են, որ երբեք չեն մոռանա այս օգնության մասին:

XS
SM
MD
LG