Մատչելիության հղումներ

Պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա


Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցներն ու մատակարարման դժվարությունները դոմինոյի էֆեկտով ազդում են երկրի տնտեսության բոլոր ոլորտների վրա, ինչը միջին ռուսաստանցու համար նշանակում է բարձր գնաճ, կարծում են մասնագետները:

Այսօր Ռուսաստանի սպառողական շուկայում ապրանքները միջինը 20 տոկոսով ավելի թանկ են, քան փետրվարին, երբ Վլադիմիր Պուտինն իր զորքերն ուղարկեց Ուկրաինա: Գնաճն ազդում է բոլոր ապրանքների վրա, իսկ արևմուտքից ներկրվող ապրանքատեսակներն առհասարակ չեն հասնում ցուցափեղկեր։ Ըստ վերլուծաբանների՝ իրավիճակը կարող է է՛լ ավելի վատթարանալ։

«Պատժամիջոցները երկար կտևեն՝ ոչ թե ամիսներ, այլ՝ տարիներ։ Աշխատավարձերը երկար ժամանակ չեն բարձրանա։ Մարդիկ ավելի կաղքատանան», - կարծում է մոսկվայաբնակ տնտեսագետ Նատալյա Զուբարևիչը։

Արևմտյան պատժամիջոցները ռուս արտադրողներին թողել են առանց պահեստամասերի և այլ նյութերի։ Վերլուծաբանները նկատում են, որ վաճառքի ծավալները որոշ ոլորտներում, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերությունում, նվազել են ավելի քան 80 տոկոսով։

Մոսկվացի գործարար և տնտեսագետ Դմիտրի Պոտապենկոն ասում է. -
«Ռուսաստանի վիճակը թեև դանդաղ, բայց դեպի վատն է գնում, արդյունաբերության մի շարք ճյուղեր լիովին դադարել են գոյություն ունենալ»։

Պաշտոնական տվյալները, այդուհանդերձ, այլ իրականություն են ներկայացնում։ Ռուսաստանի նախագահը վերջերս հայտարարել է, որ երկրում գործազրկության մակարդակը նվազել է։

«Ցանկանում եմ ընդգծել գործազրկության ցածր մակարդակը։ Ապրիլին այն Ռուսաստանում հասել է պատմական նվազագույնի, իսկ մայիսին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը չի աճել, անգամ մի փոքր նվազել է», - հայտարարել է Պուտինը։

Փողոցներում ճգնաժամի ընկալումը տատանվում է մտահոգության ու վատատեսության միջև: Նախկինում կինոյի ոլորտում աշխատած Էստելա Կամենևան այժմ գործազուրկ է և դժվարությամբ է գոյատևում մեծացող գնաճի պայմաններում։

«Գնաճը, իհարկե, ազդում է մեզ վրա, ամեն ինչ զգալիորեն թանկացել է՝ հատկապես դեղորայքն ու սննդամթերքը», - ասում է Կամենևան։

Արտյոմ Բորոկը, որն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, նույնպես մտահոգված է թանկացումներով. - «Սննդամթերքն իրոք շատ է թանկացել»։

Ոմանք գիտակցում են, որ միայն ռուսաստացիները չեն բախվում գնաճի և մեծացող դեֆիցիտի: Թոշակառու Ռոման Մարկովի կարծիքով՝ պատժամիջոցները չեն գնաճի պատճառը։

«Դրանք այնքան էլ չեն ազդում Ռուսաստանի վրա։ Ես պատկերացում չունեմ, թե ինչ է կատարվում արտերկրում, բայց ԱՄՆ-ում և Եվրոպայում գնաճը շատ բարձր է», - ասում է Մարկովը։

Մի շարք տնտեսագետների մռայլ կանխատեսումներով՝ գնաճը շարունակական է, և արդյունաբերության որոշ ճյուղեր մատակարարման խնդիրների պատճառով լիովին կաթվածահար կլինեն։

XS
SM
MD
LG