Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն այսօր լուսադեմին հավաքեց վրանները, թեև օրեր առաջ վստահեցնում էին, թե Ֆրանսիայի հրապարակից հեռանալու մտադրություն չունեն։
«Մենք քննարկում ենք ոչ թե վրանները հավաքելու, այլ վրանները ավելացնելու հարցը», - ասել էր ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
Երևանի կենտրոնական այս հրապարակը փակ էր 45 օր։
«Վրանը դա գործիքներից մեկն է։ Ենթադրենք ռուպոր կա այսօր, կա նաև պիկապ։ Ռազմավարությունը որևէ կերպ չի փոխվել, օրակարգը որևէ կերպ չի փոխվել», - ասաց Արամ Վարդևանյանը։
Պայքարի այս գործիքից չեն հրաժարվել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների մի խումբ ծնողներ։ Նրանք վրաններով տեղափոխվել են Ազատության հրապարակ՝ անժամկետ նստացույցի։
Ծնողները չցանկացան խոսել, փոխանցեցին, որ պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրել 44-օրյա պատերազմի քրեական գործով։
Զոհերի ծնողներն այս պահանջով փողոց դուրս եկան, երբ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, բայց առանց զոհերի»։
Իսկ կեսօրին ինքնաբուխ ակցիայի կոչ էր արել Արամ Վարդևանյանը։ Մի խումբ ցուցարարների հետ Գլխավոր դատախազության մոտ էին, ապա երթով շրջեցին կենտրոնական փողոցներով։
«Էս պահի դրությամբ ունենք երեսունից ավել ապօրինի կալանավորված ընկերներ։ Խոսքը գնում է երեսունմեկ կալանավորված մարդու մասին։ Բայց մենք չունենք մի դեպք, որ ոստիկան լինի ձերբակալված կամ կալանավորված։ Էս վիճակը աբսուրդ ա», - հայտարարեց Վարդևանյանը։
Նրանց հետ չէին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։ Արդյո՞ք նախկին նախագահներ Քոչարյանի ու Սարգսյանի թիմակիցների միջև հակասություններ կան մարտավարության հետ կապված։
«Ես նման հակասություն չեմ տեսել», - ասաց Արամ Վարդևանյանը։
«Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Հայկ Մամիջանյանը փոխանցեց՝ ոչինչ չի փոխվել, փողոցային պայքարից չեն հրաժարվել. - «Որևէ փոփոխություն մեր համար գործողությունների տեղի չի ունեցել։ Մենք շարունակելու ենք փողոցային պայքարը»։
ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկվա հանրահավաքում ամփոփեց մեկ ու կես ամսվա պայքարի ձեռքբերումներն ու բացթողումները։ Խոստովանեց, որ այս ընթացքում չհաջողվեց Փաշինյանի իշխանությունից հիասթափված քաղաքացիների մեծ զանգվածի համախմբել իրենց շուրջ. - «Մենք դեռ չենք կարողացել այդ բոլոր մարդկանց փողոց դուրս բերե, բերել այս պահքարի հրապարակ։ Սա շատ կարևոր խնդիր է և մեր բացթողումներից մեկը։ Եվ մենք հիմա կանգնած ենք մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ»։
Ընդդիմադիրները հայտարարում են, թե խորհրդարանի նիստերին դեռ չեն մասնակցի, կվերադառնան միայն իրենց օրակարգով։