Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները դեռ կառավարության շենքի մոտ են։ Նրանք Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին այստեղ, որպեսզի շրջափակեն բոլոր մուտքերը։ Մինչև նրանց գալն արդեն ոստիկանական մեծ ուժերով շրջապատված էր կառավարության ամբողջ շենքը։ Նրանք մի քանի շարքով փակել են մուտքերը, իսկ ոստիկաններից այն կողմ քաղաքացիներն են կանգնած։
Այս ակցիայով նրանք պահանջում են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գա խորհրդարան, և հնարավորություն լինի գումարել արտահերթ նիստը։ Ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել էին նիստ օրակարգով՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ընդունել ԱԺ հայտարարության նախագիծ, որ որևէ լուծման դեպքում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սակայն իշխող մեծամասնությունը չներկայացավ նիստին, և այն տապալվեց։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ նիստին ներկայանալու և այն գումարելու ժամանակ կա մինչև 20։00-ն։
«Հերթական շանսը տվեցինք իշխող ուժին, որպեսզի խելքի գա, հասկանա, որ ժողովուրդն իրեն թույլ չի տալու՝ երկիրը տանելու նոր կապիտուլյացիայի։ Չհասկացան։ Այդ փաստաթղթում ոչ հրաժարականի պահանջ կա, ոչ էլ երկրի ներքաղաքական հարցերին անդրադարձ, փաստաթուղթն ամբողջությամբ նվիրված է Արցախի և Հայաստանի անվտանգությանը։ Ի՞նչ էինք ասում, ասում էինք՝ եկեք փաստեք, որ դուք չեք ուզում՝ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, եկեք փաստեք, որ դուք ուզում եք՝ մենք պետականություն ունենանք, եկեք փաստեք, որ դուք հայ ժողովրդի ներքին թշնամիները չեք, ընդամենը այդ հարցի պատասխանն էինք ուզում։ Չեկան, նիստը տապալեցին», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Այնուհետև «Դիմադրություն» շարժման անդամները երթ սկսեցին դեպի կառավարական ամառանոց՝ նշելով, որ տեղեկություն ունեն, որ հենց այնտեղ է հիմա վարչապետը։