Մատչելիության հղումներ

2020-ի նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով ևս երկու անձինք դատապարտվեցին 3 և 6 տարվա ազատազրկման


Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքում, 10-ը նոյեմբերի, 2020
Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքում, 10-ը նոյեմբերի, 2020

Դատարանը մեղավոր է ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակիցներին՝ նրանց դատապարտելով 3 և 6 տարվա ազատազրկման։

Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության և հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը։ Ազատազրկման դատապարտված երկու անձինք, ըստ մեղադրանքի, գույք են ոչնչացրել ու տարբեր իրեր հափշտակել՝ ապօրինի մուտք գործելով կառավարության շենք։

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ցուցարարները ներխուժեցին նաև Ազգային ժողովի շենք, 10-ը նոյեմբերի, 2020թ․
Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ցուցարարները ներխուժեցին նաև Ազգային ժողովի շենք, 10-ը նոյեմբերի, 2020թ․

Կալանքի տակ գտնվող 48-ամյա Անրրի Սեդոյանի պաշտպանը դեռ չի քննարկել՝ կբողոքարկի երեք տարվա ազատազրկման որոշումը վերաքննիչ ատյան, թե ոչ։ Արսեն Մկրտչյանն ասաց՝ որոշումն ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս անց պաշտպանյալն ազատ կարձակվի։

«Ես, ճիշտն ասած, այլ պայմաններում, իհարկե, բոլոր դեպքերում կբողոքարկեի այս դատական ակտը, և դեռևս քննարկումների մեջ եմ, որովհետև իմ պաշտպանյալն, իմ կարծիքով, իմ համոզմամբ, զանգվածային անկարգությունների չի մասնակցել։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մի տարի երեք ամիս արդեն կալանքի տակ է, իսկ հուլիսի փոփոխություններով էդ հոդվածը նախատեսում է մեկ երրորդով վաղաժամկետ ազատում, դրա համար կարող է իմ պաշտպանյալը որոշում կայացնի, որպեսզի հրաժարվի վերաքննիչ բողոք տանելուց», - ասաց Մկրտչյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը պաշտպանյալին մեղավոր է ճանաչել զանգվածային անկարգության և կառավարության աշխատակիցներից մեկի բաճկոնը հափշտակելու համար։ Նա ասաց՝ հետագայում այն վերադարձվել է տիրոջը։ Մեկ այլ դրվագով դատարանն արդարացրել է երկու մեղադրյալներին էլ։

Ցուցարարները կառավարության շենքում, 10-ը նոյեմբերի, 2020թ․
Ցուցարարները կառավարության շենքում, 10-ը նոյեմբերի, 2020թ․

«Այստեղ մենք մեր դատական ակտով ունեցանք նախևառաջ երկուսի մասով էլ արդարացում՝ դիվանագիտական անձնագիրը գողանալու մասով։ Մենք ունեցանք հաջողություն, որ դատախազի հայցը, երկու միլիոն դրամի կոնյակ գողանալու, մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Մենք ունեցանք հաջողություն այն առումով, որ էդ մեկ միլիոն 900 հազարի հափշտակության մասով մեր պաշտպանյալներն արդարացվեցին։ Ես համարում եմ հաջողություն և դատավորի նորմալ մոտեցում առ այն, որ 176 հոդվածի 2-րդ մասով իմ պաշտպանյալը և՛ մեղադրվում էր, և՛ մեղքն ընդունել էր, և՛ հափշտակած բաճկոնը նախաքննության ընթացքում վերադարձրել էր, բայց հոդվածը նախատեսում էր 2-ից 5 տարվա ազատազրկում, այնուամենայնիվ Մնացական Մարտիրոսյանը դատապարտեց 500 հազար դրամի տուգանքի», - ասաց փաստաբանը։

Նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործերով ավելի քան 50 մեղադրյալ է անցնում, մոտ մեկ տասնյակ մարդ արդեն դատապարտվել է տարբեր պատժաչափերով։

XS
SM
MD
LG