Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները նշում են՝ նոր մարտավարության խնդիր ունեն, մտածում են որոշ քայլերի փոփոխության մասին


Արդեն մեկ ամսից ավելի փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության ներկայացուցիչներն այսօր էլ Ֆրանսիայի հրապարակից շարժվեցին դեպի Բաղրամյան 26, որտեղ նույն ընթացքում մեկնարկում էր ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Ոստիկանները, սակայն, ցուցարարներին չթույլատրեցին մոտենալ նախագահական նստավայրին։

Ընդդիմադիրները, որոնք ցանկանում էին իրենց ձայնը լսելի դարձնել Երևան ժամանած ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակություններին, կանգ առան Բաղրամյան, Դեմիրճյան փողոցների հատվածում, առաջ գնալու փորձեր էլ չարեցին։ Ոստիկաններն ամբողջ երկայնքով փակել էին փողոցը։

«Ձեր ներկայությամբ, ձեր կոչով, ձեր հայտարարություններով, բոլորիս վանկարկումներով մենք հերթական անգամ բոլորին ասելու ենք՝ այն, ինչ որ խոստանում է Նիկոլը չունի որևէ լեգիտիմություն», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն էլ հայտարարեց, որ մինչ այս պահն անհայտ է՝ արդյոք Հայաստանի իշխանությունները պատշաճ կերպով դիմել են ռազմական կառույցին, երբ ադրբեջանական զինուժն անցած տարի ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, արդյոք այդ դիմումը քննարկվել է ՀԱՊԿ-ի տարբեր օղակներում։ Պատգամավորն անդրադարձավ նաև որոշ իրավիճակներում կառույցի անդամ երկրների դիրքորոշումների տարբերությանը։

«44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ որոշ երկրներ դիրքորոշումներ են արտահայտել, որը, բնականաբար, որևէ ձևով չի տեղավորվում դաշնակից պետությունների դիրքորոշումների հետ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Աբրահամյանն ասաց՝ նմանատիպ միջադեպերն ու հայտարարությունները, որոնք դեմ են հայկական շահին, չպետք է տեղ գտնեն ՀԱՊԿ-ի որևէ ձևաչափում: Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ այդ հարցերը պետք է քննարկվեն ռազմական դաշինքում։

Երկրում կա քաղաքական ճգնաժամ. ընդդիմությունն արձագանքում է Միրզոյանի հայտարարությանը

«Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, կարող եմ երկու փաստարկ կամ ապացույց բերել ասածիս. նախ՝ անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի երեկվա այս հայտարարությանն արձագանքելով՝ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության ներկայացուցիչները վերստին հայտարարեցին՝ երկրում կա քաղաքական ճգնաժամ։

«Տարբեր մարզերից ոստիկաններ Երևան բերելու իմաստը ո՞րն է, որ քաղաքական ճգնաժամ չկա, մետրոյի կայարան փակելու իմաստը ո՞րն է», - նշեց Մանուկյանը:

«Կարող էին ասել ճգնաժամ չկա և իրենք մանդատ ունեն ժողովրդի կողմից, ամբողջ խնդիրը այն է, որ իրենք անցած տարի այս օրերին այլ բան են ասել մեր ժողովրդին: Իրենք հստակ իրանց նախընտրական պլատֆորմով խոսել են Արցախի ինքնորոշման մասին, խոսել են իր հայտարարությունների մեջ դեօկուպացիայի մասին, այսօր եկել են, արդեն վերընտրվելուց հետո խոսում են նշաձողը իջեցնելուց և երկիրը նոր զիջումների տանելուց», - ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը կրկին պնդեց՝ շարժումը չի մարում և չի էլի մարի, իրենք չեն նահանջելու։ Պատգամավորն իրենց ակցիաներն արդյունավետ գնահատեց, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ նոր մարտավարության խնդիր ունեն։ Ընդդիմությունը մտածում է որոշ քայլերի ու գործողությունների փոփոխության մասին։ Թե ինչ, դեռ փակագծեր չեն բացում։

Ընդդիմության ներկայացուցիչները երեկ հանդիպել են Հայաստանում գտնվող ժողովրդավարության, և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի հետ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ այդ հանդիպումը փակ է եղել, բովանդակությունը հրապարակման ենթակա չէ։

«Հարցերը շատ ծավալուն են՝ դատական համակարգում տեղի ունեցող խայտառակ երևույթների, ոստիկանություն, ոստիկանական գործողություններ, օրենսդրական հարցում խորհրդարանում անհանդուրժողական այն մթնոլորտը, որ իշխող կուսակցությունը ձևավորել է և անցնող 8-9 ամիսներին խորհրդարանական գործողության ընթացքում միշտ կարմիր լույս է վառվել ընդդիմության նախաձեռնությունների մասին», - ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է արձագանքել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը ընդդիմության բարձրացրած խնդիրներին, հատկապես ոստիկանների գործողությունների վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց, որ ամերիկացի դիվանագետն ուշադրությամբ արձանագրել է իրենց ներկայացրած խնդիրները։

Ընդդիմությունն այսօր հանրահավաք չի նախատեսում։

XS
SM
MD
LG