Լուգանսկի նահանգապետ Սերգեյ Գայդայը, այսօր մեկնաբանելով Սևերոդոնեցկում ծավալված ռազմական գործողությունների ընթացքը, չի բացառել, որ այստեղ մարտնչող ուկրաինական ստորաբաժանումները կարող են նահանջել։
«Մարտերը շարունակվում են, սակայն որևէ մեկը քաղաքը թողնել չի պատրաստվում, անգամ եթե մեր զինվորականները ստիպված լինեն նահանջել՝ ավելի շահեկան դիրքեր զբաղեցնելու նպատակով։ Դա չի նշանակում, որ քաղաքը թողնելու ենք, պարզապես չի բացառվում, որ մեր ստորաբաժանումները ստիպված լինեն հետ քաշվել», - հայտարարել է Գայդայը։
Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ընթացող մարտերի մասին իր ամենօրյա ուղերձում խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Դոնբասի հերոսական պաշտպանությունը շարունակվում է։ Թեժ կետերն անփոփոխ են՝ Սևերոդոնեցկ, Լիսիչանսկ, Պոպասնայա։ Ակնհայտ էր, որ զավթիչները չէին հավատում, թե մեր զորքերի դիմադրությունը կարող է այդքան ուժեղ լինել։ Դա է պատճառը, որ նրանք փորձում են նոր ռեսուրսներ ուղղել դեպի Դոնբաս», - հայտարարում էր Զելենսկին։
Իրավիճակը Դոնբասում այսօր առավոտյան մեկնաբանել է նաև Ուկրաինայի գլխավոր շտաբը։ Ուկրաինացի զինվորականների տեղեկություններով՝ ռուսական զորքերը գրոհում են Սլավյանսկի (Սլովյանսկ) ուղղությամբ։