Մատչելիության հղումներ

Ռուսաստանին դեֆոլտ է սպառնում


Բոլշևիկյան հեղափոխությանը հաջորդած առաջին դեֆոլտից գրեթե մեկ դար անց՝ Ռուսաստանը, չկատարելով իր արտարժութային պարտատոմսերի վճարումները, այժմ առավել քան մոտ է արտաքին պարտքի մասով խոշոր դեֆոլտի սահմանագծին։

Եվրամիությունը ուրբաթ օրը ընդլայնեց Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, այդ թվում՝ ռուսաստանյան վճարումները համակարգող ընկերության նկատմամբ, որի միջոցները Մոսկվան ակնկալում էր օգտագործել իր եվրապարտատոմսերի սպասարկման համար:

Ֆինանսական պատժամիջոցների մեխանիզմներով Ռուսաստանին դեպի պարտքային ճգնաժամ մղելը Կրեմլի և Արևմուտքի միջև վերջին 100 օրերի ավելի լայն դիմակայության մի մասն է, որը սկսվեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման օրոք Ռուսաստանը դուրս է մղվել համաշխարհային առևտրի մեծաթիվ գործընթացներից և ֆինանսական համակարգերից: Դեֆոլտը, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանին վերջնականապես «վտարված-մերժված» պետություն կդարձնի։

Ինչո՞ւ Ռուսաստանը չի մարում իր պարտքը

Դեֆոլտի սահմանագծին հայտնված պետությունները սովորաբար սնանկ են կամ ժամանակին չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները ներքին կամ արտաքին վարկատուների նկատմամբ։ Ռուսաստանը, սակայն, հարյուր միլիարդավոր դոլարներ է կուտակել և այդ գումարները միայն ավելանում են նավթի և գազի վաճառքից յուրաքանչյուր շաբաթ ստացված եկամուտից։

Արտարժութային պարտատոմսերի համար չվճարված մոտ 40 միլիարդ դոլարի պարտքը, որից 2 միլիարդը պետք է վճարվի մինչև տարեվերջ, Ռուսաստանը, ըստ էության, կարող է հեշտությամբ մարել։

Մոսկվան ևս ցանկանում է իր պարտքը մարել, որպեսզի խուսափի աղքատ և քաոսային կառավարման հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված երկրների հետ նույն ցուցկում հայտնվելուց։

ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը, սակայն, միջազգային վճարումների համակարգով փոխանցումներ կատարելու հնարավորություն այլևս չունի: Ռուսական սուվերեն պարտատոմսերի ամերիկացի սեփականատերերին վճարելու բացառիկ ժամկետը նույնպես սպառվել է:

Հենց սա է Ռուսաստանին մղում դեֆոլտի՝ զրկելով այն ճանապարհներից, որով վճարումները կարող են հասնել պարտատոմսերի սեփականատերերի բանկային հաշիվներին:

Ո՞րն է այլընտրանքը

Արևմտյան պատժամիջոցների պատճառով արտարժույթով վճարումներ կատարելու հնարավորությունից զրկված Ռուսասատանն այժմ ցանկանում է պարտատերերին վճարել ռուբլով կամ դոլարից բացի այլ արտարժույթով՝ շրջանցելով վճարումների միջազգային համակարգերը:

Ռուսաստանի Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն առաջարկել է կիրառել ոչ դոլարային հաշվարկային համակարգը, որը Ռուսաստանը պարտադրել էր գազ սպառող իր եվրոպացի հաճախորդներին, որպեսզի նրանք հաշիվներ բացեն ռուսական բանկերում և վճարեն այլ արժույթներով:

Տնտեսագետների կարծիքով՝ նույնիսկ այս պարագայում Ռուսաստանը չի կարողանա խուսափել դեֆոլտից, քանի որ ամերկացի ներդրողները չեն կարող օգտվել այդ համակարգից։ Ուրբաթ օրը Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի նկատմամբ, որը պետք է իրականացներ պարտատոմսերի վճարումները։

Ե՞րբ է Ռուսաստանին դեֆոլտ սպառնում

Ռուսաստանը կարող է պաշտոնապես դեֆոլտում հայտնվել հունիսի վերջին։ Մայիսի 27-ին, Ռուսաստանի Դաշնությունը պետք է 71,25 մլն դոլարի և 26,5 մլն եվրոյի պարտք մարեր։

Ըստ Կրեմլի, գումարը փոխանցվել է Ազգային հաշվարկային դեպոզիտարիա, սակայն պատժամիջոցներով պայմանավորված՝ գործարքը ձախողվել է։ Որպեսզի դեֆոլտը կասեցվի, պարտատոմսերի սեփականատերերը պետք է ստանան վճարումները 30-օրյա արտոնյալ ժամանակահատվածում։

Վարկային պարտավորություն

Վերլուծաբանների կարծիքով՝ մեկ այլ պարտատոմսի թեկուզև ցածր տոկոսավճարի չվճարումը արդեն իսկ վարկային պատասխանատվությունից խուսափել է։

Ըստ Credit Derivatives Determinations Committee-ի, նման որոշումը ենթադրում է, որ դեֆոլտը տեղի է ունեցել պարտքի ապահովագրության նպատակով՝ վճարումների հերթում հաշվառելով, այսպես կոչված, վարկային դեֆոլտի սվոփների սեփականատերերին:

Արդյոք կարևո՞ր է սա

Ռուսաստանն արդեն իսկ կտրված է համաշխարհային շուկաներից և նոր պարտքեր կուտակելու կարիք չունի։ Բացասական համբավից բացի, դեֆոլտը այլ հետևանքներ էլ է ունենում։ Պարտատերերը կարղ են դիմել դատարան՝ բռնագրավելու Ռուսաստանի արտասահմանյան ակտիվները:

Եթե Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները հետագայում կարգավորվեն, Մոսկվային երկար և ծախսատար գործընթաց է սպասվում դեֆոլտի պատճառով չվճարված պարտքերի մարումը իրականացնելու համար:

Ի վերջո՝ սուվերեն դեֆոլտը սովորաբար ավելացնում է գալիք տարիների փոխառության ծախսերը:

Հեղինակ Ջոն Դոնել, թարգմանությունը՝ Վահե Օհանյանի

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG