Մատչելիության հղումներ

Ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկվել է


Ուկրաինայում պատերազմի և Եվրամիության ու Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկվել է։ Արժեքը կտրուկ իջնում է ժամերի տարբերությամբ:

Հայաստանյան բանկերում, ըստ Rate.am կայքի, Rուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ էր, վաճառքինը՝ 5.30։ Երևանի տարադրամի փոխանակման կետերում ավելի մեղմ պատկեր էր. առքը՝ 4.40 դրամ, վաճառքը՝ 5.50 դրամ ։ Բայց, միևնույն է, գործարք գրեթե չկար։

Փորձագետներն արդեն տևական ժամանակ է զգուշացնում են՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են ազդելու Հայաստանի տնտեսության վրա։ Առաջին հերթին մատնանշում էին հենց ռուբլու արժեզրկումը։

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ավելի քան 40 տոկոսը հենց Ռուսաստանից է գալիս։ Եթե դեռ անցած շաբաթ Ռուսաստանից ուղարկված յուրաքանչյուր 100 հազար ռուբլին Հայաստանում փոխանակելիս անձը կստանար շուրջ 600 հազար դրամ, այսօր արդեն այդ գումարը՝ մոտ 400 հազար կկազմի, այսինքն 200 հազար դրամով պակաս։

Սեփական գրպանի վրա այս հարվածն արդեն հասցրել է զգալ Մարալիկից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած Դավիթ Մելիքյանը։

«Կարելի է ասել անելանելի իրավիճակում են հայտնվել: Ստացվում է այնպես, որ Հայաստանում շինարարական աշխատանքները մոտավորապես 1.5-2 անգամ ավելի թանկ են տվյալ պահի դրությամբ, քան Ռուսաստանում», - նշեց Մելիքյանը:

Շիրակցի այս տղամարդը 2010 թվականից է Մոսկվայում աշխատում՝ շինարարական ոլորտում։ Հիմա ծանր կացության մեջ է հայտնվել, բայց չի էլ պատկերացնում՝ վերադառնալով Հայաստան կարողանա՞ արդյոք հայրենիքում իր այսօրվա վաստակածից ավելի աշխատել:

«Միանշանակ շարունակելու ենք աշխատել, որովհետև այլ տարբերակ չկա: Այսինքն՝ այնպես թե այնպես արդեն հացի խնդիր է առաջանում մարդկանց մոտ, բոլորը նստած սպասում են այն հույսով, որ սա այսպես երկար չի կարող շարունակվել, բայց գտնել աշխատանք Հայաստանում ու վերադառնալ Հայաստան միանշանակ չենք կարողանալու», - ասաց Դավիթ Մելիքյանը:

Կենտրոնական բանկում, սակայն, կարծում են, որ չի կարելի է ռուբլու այս տատանումը համարել աննախադեպ ու անսպասելի։ Գլխավոր դրամատան նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը պնդում է՝ նախկինում ռուսական տնտեսությունում ավելի մեծ շոկեր են եղել և Ռուսաստանի ֆինանսական համակարգն ունի մեծ իմունիտետ։ Խնդիրը չի կարող չանդրադառնալ Հայաստան փոխանցվող տրանսֆերտների վրա, սակայն, ըստ մասնագետի, առայժ վաղ է գնահատել՝ ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա։

«Հայաստան եկող դրամական փոխանցումների մեջ կշիռը բավականին նվազել է վերջին տարիների ընթացքում, և այդ ազդեցությունը ևս մեղմվել է», - նշեց Խաչատրյանը:

Ռուբլու արժեզրկումը խնդրի դեռ մի մասն է։ Արևմուտքը Ռուսաստանին անջատում է SWIFT վճարային միջազգային համակարգից, որը հեշտացնում է արագ միջսահմանային վճարումները՝ սահուն դարձնելով միջազգային առևտրի հոսքը: SWIFT-ի միջոցով ամեն տարի փոխանցվում են տրիլիոնավոր եվրոներ։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին դեռ ամսվա սկզբին էր մռայլ կանխատեսում արել, թե հայաստանյան տնտեսության վրա ինչ հետևանքներ կունենա SWIFT-ից Ռուսաստանի անջատումը։ Բայց մանրամասներ հայտնելուց պաշտոնյան խուսափել էր. «Մեկ բառով փորձեմ պատասխանել՝ ծանր»:

Գլխավոր դրամատան փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ SWIFT-ից ոչ բոլոր բանկերն են հեռացվել և Հայաստանի վրա այս երևույթն ածանցյալ ազդեցություն կունենա։

«Դե այնքանով, որ մենք ազատ գործելով՝ մեր ֆինանսական կազմակերպությունները SWIFT համակարգում, ռուսական բանկերի հետ հարաբերություններում պետք է օգտագործենք այլընտրանքային կամ այլ կապուղիներ, որոնք հընթացս կիրառվում են: Այս մասով ուղիղ հարվածները ինչ-որ առումով չեզոքացված են», - ասաց Խաչատրյանը:

Արևմտյան սանկցիաների ցանկում կարող են հայտնվել այնպիսի ռուսական ընկերություններ, որոնք Հայաստանում դուստր ձեռնարկություններ ունեն. այսօր առավոտյան Կենտրոնական բանկն արդեն տեղեկացրեց, որ ռուսական ՎՏԲ-ի հայաստանյան մասնաճյուղում փոխանցումների սահմանափակումներ կան։

Հովհաննես Խաչատրյանը, սակայն, շտապում է հանգստացնել՝ հայկական ընկերություններն ու ֆիզիկական անձինք խնդիրներ չեն ունենա. «Դա վերաբերում է ՎՏԲ բանկի միջազգային գործառնություններին, որոնք որոշակիորեն, այո, դժվարացել են»:

Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է։ Անկախ մասնագետներն ավելի վաղ զգուշացնում էին, որ արտահանողները Ռուսաստանին ապրանք վաճառելն ավելի ռիսկային և թանկ կհամարեն. կփոխվեն երկու երկրներում ապրանքների հարաբերական գները, ինչի հետևանքով հայկական ապրանքների մրցունակությունը Ռուսաստանում որոշակիորեն կնվազի։ ԿԲ-ում կիսում են այս մտահոգությունը, սակայն ընդգծում՝ կարճաժամկետ հեռանկարում վաղ է գնահատել, դեռ պետք է հասկանալ՝ ռուսական ռուբլու գահավիժումը մինչև ուր կհասնի։

XS
SM
MD
LG