Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երրորդ՝ 2022-23 թվականների մրցաշարը:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում շաբաթ երեկոյան կայացած Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը՝ 74-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում հաջող հանդես գալու արդյունքում, երբ Հայաստանի ընտրանին առաջին տեղը գրավեց C լիգայի երկրորդ խմբում, Խոակին Կապառոսի սաները նոր մրցաշարում հանդես են գալիս ավելի ուժեղ՝ B դիվիզիոնի առաջին խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են Շոտլանդիայի, Ուկրաինայի և Իռլանդիայի հավաքականները:
Հունիսի 8-ին Հայաստանի թիմը կհյուրընկալվի Շոտլանդիային, հունիսի 11-ին՝ Ուկրաինային, և հունիսի 14-ին կընդունի Շոտլանդիային:
Մրցաշարի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ընտրանին կանցկացնի սեպտեմբերին՝ 24-ին ընդունելով Ուկրաինային և 27-ին հյուրընկալվելով Իռլանդիային:
Մրցաշարի խմբային փուլին կհաջորդեն կիսաեզրափակիչները և երրորդ տեղի համար խաղը, եզրափակիչը կկայանա եկող տարվա հունիսին: