Մատչելիության հղումներ

«Մեզ համար ճոխություն է այս դիվիզիոնում խաղալը». Հայաստանը մեկնարկում է պայքարն Ազգերի լիգայում


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնարկում է պայքարն Ազգերի լիգայում։ Վաղը երեկոյան Հանրապետական մարզադաշտում ընտրանին կհյուրընկալի Իռլանդիայի հավաքականին։

Այս թիմերը վերջին անգամ հանդիպել են 2011-ին Դուբլինում, այդ ժամանակ դրամատիկ պայքարում հաղթել էին իռլանդացիները՝ զրկելով Հայաստանի հավաքականին Եվրոպայի առաջնության ուղեգրից։ Այս պատմական հանդիպումից 11 տարի անց երկու հավաքականները ուժերը կչափեն արդեն Ազգերի լիգայում։

Հայաստանի ընտրանին, երկու տարի առաջ այս մրցաշարի երրորդ դիվիզիոնում առաջին տեղը զբաղեցնելով, իրավունք ստացավ հաջորդ մրցաշարում կարգով ավելի բարձր թիմերի հետ մրցել։

Ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսի ընթացքում ընդգծեց՝ գիտակցում են՝ որքան բարդ է լինելու այս խմբում խաղալը։

«Մեզ համար ճոխություն է այս դիվիզիոնում խաղալը, պետք է հաճույք ստանանք այս ամենից, իսկ մրցաշարը ցույց կտա, թե մինչև ուր կարող ենք հասնել, իսկ ինչ վերաբերում է ցանկությանն ու խանդավառությանը, ապա այս հարցում մրցակիցները մեզ չեն գերազանցի», - ասաց նա։

Վաղվա հանդիպումից բացի, Հայաստանի հավաքականն այս ամիս ևս 3 խաղ ունի՝ 2 հանդիպում Շոտլանդիայի, ևս 1-ը՝ Ուկրաինայի հետ։ Այս խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնող հավաքականը կբարձրանա առաջին դիվիզիոն, մրցաշարը վերջին տեղում ավարտողն ընդհակառակը՝ մեկ դիվիզիոնով կնահանջի։

Կարևոր ստուգատես է հավաքականի համար, շեշտում է ՈւԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը՝ ընդգծելով, որ խմբի բոլոր 3 մրցակիցներն էլ ուժեղ են. «Շատ դժվար է լինելու պայքարելը, բայց ամեն դեպքում ինձ համար առաջնային խնդիրն է, ես հավաքականի համար տեսնում եմ ամենակարևոր խնդիրը, որ առնվազն վերջին տեղը չգրավեն, այսինքն՝ լինել երրորդ տեղում և պահպանել Ազգերի լիգայի Բ դիվիզիոնում տեղը, որովհետև Բ դիվիզիոնից Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելն ավելի հեշտ է», - ասաց նա։

Իսպանացի Խոակին Կապառոսն այս 4 հանդիպումների համար նախապես 29 ֆուտբոլիստների էր հրավիրել, հետո, սակայն, պարզվեց, որ վնասվածքի պատճառով խաղաղ չի կարողանա ամերիկյան ՄԼՍ-ի աստղ Լուկաս Սելարայանը։

Հայաստանի հավաքականն այս մրցաշարին մոտենում է առանց թիմի երկարամյա առաջատար Հենրիխ Մխիթարյանի, որն ամիսներ առաջ հայտարարեց ընտրանուց հեռանալու մասին։ Այս ընթացքում հավաքականը ընկերական երկու հանդիպում անցկացրեց, մարտին նվազագույն հաշվով հաղթեց Չեռնոգորիային, ապա գերխոշոր՝ 9-0 հաշվով պարտվեց Նորվեգիայի ընտրանուն։

«Այդ պարտությունը շատ ծանր է, մենք միշտ հիշելու ենք՝ անկախ նրանից, որ խաղը ընկերական էր, թե մենք, թե տղաները, թե մարզիչը հիշելու են, բայց վստահ եմ, որ ֆուտբոլիստները հիմա դուրս են գալու խաղադաշտ՝ կռվելու ու ապացուցելու, որ այդ 9-0-ն ուղղակի պատահականության և հանգամանքների անհարմար դասավորվածության արդյունք եղավ, այլ ոչ թե մեր իրական ուժն էր ցույց տալիս», - նշեց ՈւԵՖԱ-ի թղթակիցը։

Մի քանի ամիս առաջ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը խոսել էր բավականին համեստ նպատակներից՝ Ազգերի լիգայում հավաքականի նվազագույն խնդիրն է մրցաշարը վերջին հորիզոնականում չավարտելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG