Մատչելիության հղումներ

Մարզական աշխարհում Հենրիխ Մխիթարյանի որոշումը «կշռադատված» ու հայկական ֆուտբոլի համար տխուր են որակում


Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ավարտում է ելույթները ընտրանու կազմում։

33-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտարարել է սոցցանցերի իր էջերում. «95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:

Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, և որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի», - գրել է Մխիթարյանը՝ շարունակելով՝ առաջիկա տարիներին կենտրոնանալու է ակումբային մրցելույթների վրա։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Մխիթարյանի որոշումը որակել է կշռադատված, որին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով:

«Ավելորդ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում Մխիթարյանին իր ակումբային կարիերայի ընթացքում»,- հայտարարել է Մելիքբեկյանը։

Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ևս, բարձր գնահատելով Մխիթարյանի նվիրվածությունը, այս օրը տխուր է համարել հայկական ֆուտբոլի համար։

«Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից: Իր հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի: Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ` Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան ուղղակի ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին»,- հայտարարել է Խոակին Կապառոսը:

Երկրպագուներից շատերի համար որոշումն անսպասելի էր, ոմանք, մինչդեռ, պնդում են, թե սպասում էին նման զարգացման։

«Ցավալի է, որ Մխիթարյանին ազգային թիմի խաղաշապիկով այլևս չենք տեսնի, - ասում է մարզական լրագրող Գևորգ Ղազարյանը, - նա մեմուարներ գրելու է: Կարծում եմ` նա գիրք ունենալու է, և այնտեղ նա, կարծում եմ, կպարզաբանի, և վստահ եմ` այդտեղ մենք կստանանք այն հարցերի պատասխանները, որոնք բազմաթիվ տարիներ հենց մենք` լրագրողներս տվել ենք, կստանանք այդ պատասխանները: Կարծում եմ, որ ֆուտբոլային իրականությունը, այդուհանդերձ, իր ազդեցությունը, իր գործոնը թողել է»:

Մխիթարյանի որոշումն անսպասելի է համարում Հայաստանում ՈւԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը. «Իրականում կարելի է Հենրիխին հասկանալ, որովհետև ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆուտբոլիստն է բավականին հանրաճանաչ, որ ոչ ամենամեծ տարիքում ֆուտբոլի համար հավաքականում ելույթներն ավարտում է»:

Հենրիխ Մխիթարյանը հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականին: Գրեթե 15 տարիների ընթացքում նա 95 հանդիպում է անցկացրել։ Մխիթարյանը խփած 32 գոլերով հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա 8 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Հավաքականում նրա խաղալ - չխաղալու շուրջ բանավեճերը սկսվել էին դեռ անցած տարի, երբ ֆուտբոլիստը սոցցանցերով իր վրդովմունքը հայտնեց հավաքականի ընկերական խաղերին չհրավիրվելու պատճառով։ ՈւԵՖԱ-ի թղթակից Խուդավերդյանի կարծիքով, սակայն, 33-ամյա ֆուտբոլիստի որոշումը զուտ սպորտային է և որևէ այլ հարցի հետ առնչություն չունի:

«Խոսակցությունները միշտ եղել են Հենրիխի մասով, ու չեմ կարծում, թե որևէ խոսակցություն կուլիսային կամ դավադրությունների տեսությունների մասին ազդել է Հենոյի որոշման վրա: Իրականում իմ կարծիքով` որոշումն ամբողջովին մարզական էր, ամբողջովին սպորտային էր: Վերջերս զգացնել տալիս էր Հենոյի ֆիզիկականի վրա իր խաղերի շատ լինելը, ու հաճախակի էին դարձել վնասվածքները: Կարծում եմ` այս որոշումով Հենոն փորձում է իր կարիրերայի վերջին մի քանի տարին անցկացնի թոփ ակումբում ու բավականին բարձր մակարդակի վրա», - նշեց նա:

Այս պահին դեռ հստակ չէ՝ ով է փոխարինելու Մխիթարյանին որպես հավաքականի ավագ։ Մինչ այդ՝ գարնանը, հավաքականը առանց Մխիթարյանի երեք խաղ էր անցկացրել՝ անընդմեջ հաղթանակներով: Այդ հանդիպումներում ավագի թևկապը կրում էր պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Այս ամիս Հայաստանի ընտրանին երկու ընկերական հանդիպում կանցկացնի` մարտի 24-ին Երևանում ուժերը չափելով Մոնտենեգրոյի, ապա 5 օր անց դրսում` Նորվեգիայի հավաքականների հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG