Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի հաղթող


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հաղթող:

Խմբային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ընտրանին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում 1:0 հաշվով առավելության հասավ մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Հյուսիսային Մակեդոնիայի թիմի նկատմամբ և 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Հովհաննես Համբարձումյանը՝ 55-րդ րոպեին:

Նշենք, որ վերջին և վճռական հանդիպմանը չէին մասնակցում ինչպես թիմի առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանը, այնպես էլ այլ առաջատար խաղացողներ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, այդ թվում՝ Սարգիս Ադամյանը և Գևորգ Ղազարյանը. վերջիններս իրենց գոլերով թիմին հաղթանակ էին պարգևել նախորդ՝ Վրաստանի հավաքականի հետ խաղում:

Խմբի մյուս հանդիպումը՝ Վրաստանի և Էստոնիայի թիմերի միջև Թբիլիսիում, ավարտվեց ոչ-ոքի՝ հաշիվն այդպես էլ չբացվեց:

Խմբի հաղթող Հայաստանի հավաքականը իրավունք ստացավ Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում խաղալու ավելի բարձր՝ B լիգայում կամ դիվիզիոնում, երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի թիմերը՝ 9 և 7 միավորով, իսկ աղյուսակը 3 միավորով եզրափակող Էստոնիայի ընտրանին կխաղա ավելի ցածր՝ D լիգայում:

Հայաստանի ազգային հավաքականը` իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ, Ազգերի լիգայի այս մրցաշարում անցկացրած 6 հանդիպումներից 3-ում հաղթանակ տոնեց, 2-ն ավարտեց ոչ-ոքի և միայն մեկում պարտություն կրեց:

XS
SM
MD
LG