Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդին և Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվել են՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար


Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք քաղաքացու, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Դատարանը քիչ առաջ որոշել է կալանքի տակ առնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, փոխանցում են Քննչական կոմիտեից։ Նրա փաստաբանի հետ չկարողացանք զրուցել, պատճառաբանեց, թե զբաղված է։

Այս գործով կալանավորվել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Տիգրան Խաչատրյանն, ըստ պաշտպան Բենիկ Գալստյանի, ևս մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նախկին մարզպետի որդին չի ընդունում մեղադրանքը։

«Ժամը 14:30-ին բերման է ենթարկվել, ժամը արդեն 18:55-ին ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով: Մեզ կասկածանքն ամբողջական չպարզաբանեցին, այսինքն անհրաժեշտ հիմքերի ներկայացմամբ, ինչպես նախատեսված է ՄԻԵԴ նորմատիվ բազայով: Ըստ էության, կասկածանքը սկսում ու ավարտվում է նրանով, որ ըստ քննչական մարմնի, վերջինս բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողի նկատմամբ», - նշեց Գալստյանը:

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով նախատեսվում է 3-8 տարի ժամկետով ազատազրկում։ Փաստաբանը պնդում է՝ Խաչատրյանին մեղադրանք առաջադրելու փաստեր չկան, գործը հարուցվել է միայն մեկ այլ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։

«Իմ պաշտպանյալն ասում է՝ ես մարդու չեմ խփել: Տեսագրություններ, ցավոք սրտի, չներկայացվեցին, որտեղ երևում է բռնության գործողությունը, դեռ ասեցին, տեսագրություններ ես հայթայթեցի, որի մեջ երկու անգամ երևում է՝ ինչպես են Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկում, մեկ փուլում երևում է, որ վերջինիս վերնաշապիկն է պատռվում, մյուսում էլ երևում է, որ վերջինիս հաջողացնում են բերման ենթարկել, բայց էդ տեսագրության մեջ Տիգրան Խաչատրյանի կողմից որևէ բռնի գործողություն որևէ անձի, առավել ևս ոստիկանի նկատմամբ ուղղակի պատկերված չէ», - ասաց Գալստյանը:

Տիգրան Խաչատրյանը նախկինում երեք այլ քրեական գործերով է անցել, այդ թվում՝ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու, փաստաթղթեր կեղծելով զինծառայությունից խուսափելու, սպանության, ապօրինի զենք պահելու համար։ Սակայն բոլոր գործերն էլ ընթացք չեն ստացել։

Երկու ամսով կալանավորված նախկին նախագահի եղբորորդին ևս երկու անգամ մեղադրյալի աթոռին է եղել, մեկով նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել էր, մյուսով մեղավոր էր ճանաչվել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։

Քննչական կոմիտեից չեն հայտնում երրորդ մեղադրյալի անունը։

Երկուշաբթի վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները փորձում էին մտնել կառավարական երրորդ մասնաշենք ու հանդիպել նախարարներին, ոստիկանները թույլ չտվեցին, բախում տեղի ունեցավ։ 100-ից ավելի ցուցարար էր բերման ենթարկվել, 8 քաղաքացի էլ նույն օրը ձերբակալվել էր։

Թե՛ ընդդիմությունը, թե՛ իրավապահներն իրար մեղադրում են մարմնական վնասվածքներ պատճառելու համար։ Ոստիկանությունը հայտնել էր, թե այդ օրը երեք ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց։ «Ազատությունը» այդ օրը հիվանդանոցում զրուցել էր մի ցուցարարի հետ, որն էլ պնդում էր, թե ոստիկաններն են իրեն ծեծել, ինչի հետևանքով կողերն են կոտրվել։

Մինչ այս պահը հայտնի չէ՝ արդյոք ոստիկանների գործողությունների հետևանքով ծառայողական քննություններ սկսվե՞լ են, թե՝ ոչ: Երեկ փոխոտիկանապետ Վարդան Մովսիսյանն ասել է, թե բոլոր դեպքերով իրենք ուսումնասիրություններ են անցկացնում։

Չնայած ընդդիմադիրների մեղադրանքներին, փոխոստիկանապետը համաձայն չէ, որ ոստիկանները քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել։

Ընդդիմությունը վստահ է՝ իշխանությունը ձերբակալություններով փորձում է շարժման ակտիվիստներին մեկուսացնել, իշխանությունը հերքում է այս մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվել է, Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ մեղադրանք առաջադրվել
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

XS
SM
MD
LG