Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները երթով անցնում են պետական հաստատություններով՝ «հստակ պահանջով»


Առավոտից մեկնարկել է ընդդիմադիրների բողոքի ակցիան։ Նրանք նախ հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից և առաջիկա 4 օրերի ընթացքում այցելելու են պետական տարբեր հաստատություններ՝ «շատ հստակ և ուղիղ պահանջով»։

Հիշեցնելով, որ մայիսի 28-ին Ֆրանսիայի հրապարակում ընդունել են հայտարարության տեքստ՝ Սաղաթելյանն ասաց, որ թիրախավորված ու հասցեավորված կայցելեն տարբեր պետական հիմնարկներ՝ ստանալու փաստաթղթի վերաբերյալ նրանց դիրքորոշումը։

Ընդդիմադիրների ընդունած տեքստում մասնավորապես նշվում է, որ «Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու»: «Դրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է ՀԱՅԻ համար», - ասված է նրանց հայտարարությունում։

Սաղաթելյանի ելույթից հետո ընդդիմադիրները երթով շարժվեցին Կառավարության 3-րդ մասնաշենք։ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է այստեղ կենտրոնացրել։

Պատգամավորները ոստիկաններից պահանջեցին անարգել մուտք Կառավարության 3-րդ մասնաշենք։ Սաղաթելյանն ասաց՝ ուզում են հասկանալ նախարարները, օրինակ, առողջապահության նախարարը, կո՞ղմ են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ չեն հեռանալու, մինչև հանդիպումները չկայանան։

XS
SM
MD
LG