Ուկրաինայի իշխանությունները թույլ են տվել երկրի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին հատել Լեհաստանի հետ սահմանը՝ Նիդերլանդներ ուղևորվելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Պորոշենկոն երկիրը կարողացել է լքել երրորդ փորձից։
Նախկին նախագահն ուղևորվում է Ռոտերդամ՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (EPP) հավաքին մասնակցելու համար։
Հանգստյան օրերին ուկրաինացի սահմանապահները նախկին նախագահին երկու անգամ չէին թույլատրել լքել երկրի տարածքը՝ անտեսելով անգամ Գերագույն ռադայի խոսնակի պաշտոնական թույլտվությունը։
Պորոշենկոյի դեմ Ուկրաինայում քրեական գործ է հարուցված, նրան մեղադրում են պետական դավաճանության համար։ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ Պորոշենկոյի գիտությամբ 2014-15 թվականներին Դոնբասի անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներից քարածուխ է ներկրվել Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող շրջաններ։