Բաքվի հայտարարությունները, ըստ վարչապետի, չեն համապատասխանում բրյուսելյան պայմանավորվածություններին
Հայաստանցի քաղաքագետների տեսակետները տարբեր են: Վարչապետի վերջին հայտարարություները նաև Հայաստանում ու Արցախում սկիզբ առած բողոքի ալիքը մեղմելուն էր ուղղված, կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը: Տիգրան Գրիգորյանի կարծիքով` հակառակը` իշխանությանն առանձնակի չեն մտահոգում ընդդիմության ակցիաները, որոնք, ըստ նրա, տևական ժամանակ է` առաջընթաց չեն գրանցում:
Նիդերլանդներում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի վարչապետը երեկ հայտարարել է` Ադրբեջանի փորձերը՝ ստեղծել տպավորություն, թե խաղաղության բանակցությունների սեղանին միայն Բաքվի առաջարկներն են լինելու, առնվազն չեն համապատասխանում Ադրբեջանի նախագահի հետ ձեռք բերված բրյուսելյան պայմանավորվածություններին։
«Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում, և վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր` նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների», - ասել է Փաշինյանը:
Բրյուսելյան հանդիպումը ապրիլի սկզբին էր, Հայաստանը խաղաղության բանակցություններ սկսելու ադրբեջանական առաջարկներին դրանից առաջ էր պատասխանել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանին փոխանցված Հայաստանի լրացումների մեջ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը ևս ներառված է։
Ղարաբաղի հարցը փակված համարող, Հայաստանին տարածքային պահանջներից հրաժարվելու կոչ անող Ադրբեջանի 5 առաջարկներից է նաև միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, իրարից տարածքային պահանջներ չունենալը։ Բազմիցս պաշտոնապես հայտարարվել է՝ Հայաստանի համար դրանցում անընդունելի ոչինչ չկա։ Իսկ ահա Բաքվին ուղարկված հայկական առաջարկները Երևանն արդեն 2 ամիս է` չի գաղտնազերծում, դրանց մասին միայն ընդհանուր ձևակերպումներով խոսելով։
Օրերս Հայաստանի առաջ քաշած սկզբունքներից խոսել էր Ադրբեջանի արտգործնախարարը` նախ հայտարարելով, թե «դրանք չեն կարող առաջարկներ կոչվել», բացի այդ, որևէ բառ չասելով, թե Երևանն առաջարկել է բանակցությունների օրակարգը լրացնել Ղարաբաղի կարգավիճակի, արցախահայության իրավունքների մասին կետերով։
«Մենք լրացրինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը», - երեկ շեշտեց ՀՀ վարչապետը:
Առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե Ալիևը բրյուսելյան մեկ այլ խոստում ևս չի կատարել՝ գերիների հերթական խմբին ազատ չի արձակել. «Առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում, և փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը, իմիջիայլոց ասեմ` վերջին անգամ հենց Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել»:
Երևանը խաղաղության օրակարգից չի հրաժարվելու
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի լուծման մասին Ադրբեջանի պատկերացումներին, դրանք, ըստ Փաշինյանի, չեն փոխվել՝ «Ղարաբաղն առանց հայերի»: Այս ամենով հանդերձ Հայաստանի վարչապետը մի քանի անգամ, տարբեր ձևերով հայտարարեց՝ Երևանը խաղաղության օրակարգից չի հրաժարվելու։ Բառացի ասաց՝ պետք է տեղի ունենա խաղաղության բանակցությունների մեկնարկ՝ ժամկետներ, սակայն, այդպես էլ չնշելով։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է՝ Փաշինյանը կանխում է հնարավոր ներքաղաքական ապակայունացումը։ Խորհրդարանական ընդդիմությունը Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո սկսեց բողոքի գործողությունները։ Ասելով, թե ուզում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ պահանջում են վարչապետի հեռացումը։
«Դա, կարելի է ասել, որոշակի հետքայլ այն իմաստով, որ ակնարկները, որ արվեցին, պարզ դարձավ, որ եթե այդ ակնարկները սկսեն շոշափելի տեսք ստանալ` ինչ-որ նախագծի պատրաստում, էլ չեմ ասում նախագծի հրապարակում, որտեղ կֆիքսվի, որ ենթադրենք, Արցախը ինքնավարություն է Ադրբեջանի կազմում և այլն, ապա դա կարող է լուրջ ապակայունացնող հետևանքներ ունենալ: Առնվազն նա ակնարկում է, որ առայժմ ամեն ինչ քննարկման շատ նախնական փուլում է, հետևաբար ուղղակի սպառնալիք չկա», - ասաց Պողոսյանը:
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը որևէ նոր հայտարարություն չի արել, կրկին խոսել է Արցախի կարգավիճակից՝ առանց հստակեցնելու իր պատկերացումը. «Իջեցրած նշաձողի մասին հայտարարության իմաստն էլ էր մեծ հաշվով կայանում դրանում, այսինքն` խոսում է իրավունքների մասին, խոսում է անվտանգության մասին, խոսում է կարգավիճակի մասին, բայց կարգավիճակը չի ենթադրում անպայմանորեն Ադրբեջանից անկախ կարգավիճակ: Վերլուծելով այս բոլոր տեքստերը` կարծում եմ` ենթադրում է ինչ-որ կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Այդ առումով ես, ճիշտն ասած, որևէ նորություն չտեսա»:
Ինչ վերաբերում է Բաքվի հասցեին Նիկոլ Փաշինյանի քննադատություններին, այդ հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցությունների տապալման հիմք, Տիգրան Գրիգորյանի կարծիքով, չեն դառնա։