Մատչելիության հղումներ

Փաշինյանը կրկին շեշտում է, որ խաղաղության դարաշրջանն այլընտրանք չունի


Եռաբլուրում այսօր մի քանի մետր հեռավորությունից և ոստիկանական կենդանի պատի արանքից էր միայն հնարավոր հետևել մայիսինյան միջոցառումներին։

Ավելի ուշ պաշտոնական կադրերից պարզ դարձավ, որ պետական օրհներգը հնչելուց հետո վարչապետը՝ նախագահի, կառավարության անդամների և իշխանական պատգամավորների հետ ծաղիկներ է խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմները հավերժացնող արձանի մոտ։

Փաշինյանը թիմակիցների հետ առավոտյան 7։30 էր եկել Եռաբլուր։ Մինչ պաշտոնյաներն այնտեղ էին, պանթեոն տանող բոլոր մուտքերը հսկվում էին անվտանգության աշխատակիցների կողմից։ Լրագրողներին թույլ տրվեց առաջանալ միայն այն ժամանակ, երբ բոլոր պաշտոնյաները հեռացան։

Եռաբլուրում Անվտանգության այսպիսի խիստ միջոցառումներ սկսեցին կիրառել պատերազմում կրած պարտությունից հետո։ Ինչպես անցած տարի, այս անգամ էլ վարչապետին ու թիմակիցներին որևէ հարց տալու հնարավորություն լրագրողները չունեցան։ Փաշինյանը հանրությանը դիմել է միայն ուղերձով, կրկին շեշտել, որ խաղաղության դարաշրջանն այլընտրանք չունի, ու դարձյալ սլաքներ ուղղել նախկինների ուղղությամբ. «Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի»։

Եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ ուղերձը Փաշինյանը սկսել է Հայրենական Մեծ պատերազմի 77-րդ տարեդարձի շնորհավորանքով՝ որևէ խոսք չասելով ուղիղ 30 տարի առաջ այս օրը ազատագրված, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիի ապագայի կամ Արցախի պաշտպանության բանակի մասին։

«Այսօր՝ 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո, կսկիծով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հաղթանակի, այլև այդ հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ:

Այս իրավիճակին, սակայն, մեր արձագանքն ամենևին էլ վախճանաբանությունը չպիտի լինի, այլ սթափ, սառը, գրագետ վերլուծությունն այն պատճառների, որ հանգեցրել են ռազմաքաղաքական ու տարածաշրջանային այսօրվա վիճակին և ապագայի պրագմատիկ պլանավորումը», - ասված է վարչապետի ուղերձում։

Ապահով և անվտանգ հայրենիք պահելը մեր բոլորի սուրբ պարտքն է, օրվա ուղերձում գրել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը՝ կրկին ոչինչ չասելով Շուշիի մասին։

Մինչդեռ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արձանագրում է՝ Շուշին կրկին գերության մեջ է, ինչպես մեր հարյուրավոր սրբավայրերն ու բնակավայրերը։ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնում ռուս բարեկամներին խաղաղապահ գործունեության համար՝ եզրափակելով՝ «Արցախը պետք է լինի միշտ հայկական ու անառիկ», թե ինչպես, չի հստակեցնում։

Արցախի իշխանական վերնախավից այսօր ոչ ոք Փաշինյանին չէր ուղեկցում։ Կաթողիկոսը, որ ամիսներ առաջ պահանջել էր վարչապետի հրաժարականը, այս անգամ էլ նրանից անջատ եկավ ծաղիկներ խոնարհելու։

Ավելի ուշ Եռաբլուր եկան նաև ընդդիմադիրները։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց՝ իրենց նպատակն է ժողովրդին վերադարձնել հաղթական ոգին։ Ինչպե՞ս՝ դիվանագիտական, թե՞ ռազմական ճանապարհով են նախատեսում վերադարձնել Շուշին, «Ազատությունը» հետաքրքրվեց պաշտպանության նախկին նախարարից, ով առաջին արցախյան պատերազմում մասնակցել է Շուշիի ազատագրման օպերացիային։

«Պետք է և ամրանանք ներքուստ, իսկ ներքին ամրությունը հնարավորություն կտա, որ նաև արտաքին քաղաքականության մեջ համարձակ լինենք», - արձագանքեց Սեյրան Օհանյանը։

Այս նույն կազմով պաշտոնյաները այսօր եղել են նաև Հաղթանակի զբոսայգում, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին։

XS
SM
MD
LG