Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորման ապօրինի որոշում կայացնելու մեղադրանքով 3 ամիս անազատության մեջ անցկացնելու հետո այսօր ազատ արձակվեց։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ նրան ծափերով դիմավորեցին մի խումբ դատավորներ ու փաստաբաններ։
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երկու անգամ միջնորդել էր դատարան Բախշիյանին կալանքի տակ պահելու համար, սակայն այս անգամ ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը նման միջնորդություն չեն ներկայացրել, ինչի արդյունքում էլ փետրվարի 7-ից կալանավորված դատավորն ազատ արձակվեց։
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ եթե սահմանված ժամկետներում կալանքի երկարաձգման մասին միջնորդություն չի ներկայացվում, ապա նպատակահարմար չեն համարում։
Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելու մասին է։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Մկրտչյանը դեկտեմբերին տեղի ունեցած նիստին չէր ներկայացել, ինչը դատարանն անհարգելի էր համարել ու խափանման միջոց ստորագրությունը փոխարինել էր կալանքով։
36-ամյա Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե իր հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը։
«Ես ինչպես և 3 ամիս առաջ, այսօր էլ նույն կարծիքին եմ և պնդում եմ, որ սա ուղղակի միջամտություն էր դատավորի՝ իմ գործունեությանը, ընդ որում՝ բիրտ»,-ասաց Բորիս Բախշիյանը։
Գլխավոր դատախազությունը պարզաբանել էր, որ դատավոր Բորիս Բախշիյանը Նվեր Մկրտչյանին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։ Բախշիյանը գործից մանրամասներ չհաղորդեց, պատճառաբանելով, որ այն դեռևս նախաքննության փուլում է։ Նիստին ներկայանալը, ամբաստանյալի պարտականությունն է, իսկ չներկայանալու դեպքում նրան կա՛մ բերման պետք է ենթարկել, կա՛մ առավել խիստ խափանման միջոց ընտրել։ Թե ինչո՞ւ է դատավորն ավելի խիստ միջոցն ընտրել, Բախշիյանը ևս չմանրամասնեց։
«Ես էլի պնդում եմ, որ իմ կայացրած դատական ակտը օրինական է և հիմնավոր, այն ինչ ես մտածել եմ, շարադրել եմ այդ դատական ակտի մեջ, հետևաբար կարծում եմ, որ դա օրինական էր և հիմնավոր, ավելին՝ արդարացի», - ընդգծեց դատավորը:
Բախշիյանի պաշտպանները նրա նկատմամբ հետապնդումը կապում են նրա վարույթում գտնվող մեկ այլ աղմկահարույց գործի հետ: Բախշիյանը որոշել էր գրավի դիմաց կալանքից ազատել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, ով մեղադրվում է զենք-զինամթերք պահելու, իսկ ավելի վաղ էլ վարչապետ Փաշինյանի սպանությունն ու իշխանության յուրացումը նախապատրաստելու համար:
Բախշիյանը նաև գրավով ազատ էր արձակել իշխանություններին պարբերաբար քննադատող Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանին, որոնց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել` պաշտոնեական դիրքի չարաշահումից մինչև կաշառք ու առանձնապես խոշոր չափերի յուրացում: