Մատչելիության հղումներ

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց


«Պետք է ասել, որ ժողովրդավարությունը գլորվեց անդունդ», - ասաց Բախշիյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը։

Առաջին ատյանի դատարանն այսօր բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունն ու որոշեց կալանավորել Սյունիքի մարզի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

«Պետք է ասել, որ ժողովրդավարությունը գլորվեց անդունդ», - ասաց Բախշիյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը։ - «Բառեր չեմ կարողանում գտնել, թե ինչ է կատարվել։ Կան Բախշիյաններ, որոնք համարձակորեն փորձում էին ընդդիմանալ, որոշումներ կայացնել, ինչը անթույլատրելի է մեր «ժողովրդավարական, իրավական» երկրում, հետևաբար նրանց պետք է կալանավորել, որպեսզի մյուսների աչքները վախեցնել»։

Դատավորը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: 36-ամյա Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե իր հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը։

Բախշիյանի փաստաբաններից Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. - «Իմ մոտ խորին համոզմունք կա, որ այս դատավորը շատ լուրջ ճնշումների է ենթարկվել։ Ինքը փորձել է պայքարել, և իր ակտում էլ երևում է, որ ինքը փորձում է պայքարել։ Բայց թույլ չտվեցին իրեն արդարադատություն իրականացնել»։

Ըստ մեղադրանքի, Բախշիյանը ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Մկրտչյանը դեկտեմբերին տեղի ունեցած նիստին չէր ներկայացել, ինչը դատարանն անհարգելի էր համարել ու խափանման միջոց ստորագրությունը փոխարինել էր կալանքով։

Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Նվեր Մկրտչյանին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։

Մինչդեռ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, որը կալանքի մասին մի քանի ձեռնարկների հեղինակ է, կարծում է, որ դատավորը, գնահատելով իրավիճակը, կարող էր նման որոշում կայացնել. - «Կալանավոր է, դրա իրավունքը ունի։ Գնահատում է ամբաստանյալի վարքագիծը, վարքագծից բխեցնում է այն, որ ամբաստանյալը հրաժարվում է մասնակցել դատական քննությանը, և դա հիմք է, որպեսզի վերանայի դատավորը խափանման միջոցը, որ նախկինում ինքը որոշել էր։ Եվ որպեսզի ապահովի ամբաստանյալի ներկայությունը դատական քննությանը, դատավորը իրավունք ունի կալանավորելու ամբաստանյալին»։

Մինչ իրավապահները Բախշիյանի կայացրած կալանքի որոշման ապօրինությունն են մատնացույց անում, դատավորի փաստաբանները քրեական հետապնդումը կապում են նրա վարույթում գտնվող մեկ այլ գործի հետ: Օրերս Բախշիյանը գրավի դիմաց կալանքից ազատել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, որը մեղադրվում է զենք-զինամթերք պահելու համար:

Դրանից առաջ էլ Բախշիյանը գրավով ազատ էր արձակել իշխանություններին պարբերաբար քննադատող Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, ինչպես նաև Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին, որոնց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել` պաշտոնեական դիրքի չարաշահումից մինչև կաշառք ու առանձնապես խոշոր չափերի յուրացում:

Ի դեպ, Վերաքննիչ քրեական դատարանն այսօր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել՝ բեկանելով գրավի դիմաց ազատ արձակելու դատավոր Բաշխիյանի որոշումը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հավաստիացնում է, թե Աշոտ Մինասյանին և սյունեցի համայնքապետերին առնչվող որոշումները որևէ կապ չունեն դատավոր Բախշիյանի դեմ սկսված քրեական հետապնդման հետ. - «Որևէ հիմք առկա չէ ու չի կարող լինել առհասարակ քաղաքական հետապնդում որակելու համար»:

Դատավորի կալանավորումը մտահոգել է իրավապաշտպաններին ու փորձագետներին

Իրավաբան Արա Ղազարյանը համոզված է, որ միջազգային կառույցները դատական իշխանության համատեքստում այսօրվա որոշումը բավականին լուրջ գնահատականի կարժանացնեն. - «Հայաստանի պատմության մեջ նման գործ, որ դատավորին ենթարկեն քրեական պատասխանատվության ընթացքի մեջ գտնվող գործին զուգահեռ այն բանի համար, որ նա խափանման միջոց է կիրառել, չի եղել պատմության մեջ։ Սա և՛ տեսությունից է դուրս, և՛ պրակտիկայից է դուրս»։

«Դատավորի գործունեությունը կարող է գնահատել բացառապես վերադաս դատական ատյանը։ Չկա որևէ հանձնաժողով, բացի էթիկայի և կարգապահական հանձնաժողովից, որը կարող է անդրադառնալ դատավորների կայացրած որոշումներին և նրա կարողություններին։ Որովհետև դատավորի կարողությունները պետք է գնահատվեն նրան աշխատանքի ընդունելիս, իսկ ընթացքում, երբ որ դու գնահատում ես որոշումները, սա նշանակում է ուղղակի ճնշում գործադրել դատավորի նկատմամբ», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։
Իրավական հարցերով փորձագետները դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը, նրան կալանավորելը ծայրահեղ անհամաչափ, կասկածների տեղիք տվող որոշում են համարում։

XS
SM
MD
LG