Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բախշիյանին ազատազրկելու միջնորդությունը. փաստաբանը սա ապօրինի է համարում


Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունն ու համաձայնել, որ նախաքննական մարմինը քրեական հետապնդում հարուցի և ազատությունից զրկի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Որոշումը կայացվել է միաձայն, թե ինչ հիմքով, Բարձրագույն դատական խորհրդից չեն հայտնում։ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են՝ հետապնդումը սկսվել է ապօրինի կալանքի գործով:

«Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվել են այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք բավարար տվյալներ են պարունակում տվյալ պահի դրությամբ դատավորին, այսպես ասած, մեղսագրվող արարքների վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական գոռ Աբրահամյանը։

Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանն էլ «Ազատությանն» ասաց, որ քննության հիմքում դատավորի ՝ դեկտեմբերի սկզբին կայացրած որոշումն է։ Այդ օրը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված ամբաստանյալներից մեկը՝ Նվեր Մկրտչյանը նիստին չի ներկայացել, դատարանը դա անհարգելի է համարել ու նրա խափանման միջոց ստորագրությունը փոխարինել է կալանքով։ Փաստաբանն անհասկանալի է համարում, որ Բախշիյանին այս որոշումից շուրջ երկու ամիս անց՝ միայն հիմա է դատախազությունը նրան անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսել:

«Դատախազության կողմից չբողոքարկված այս որոշումը երկու ամիս անց կամայականորեն, այսինքն` իրենք իրենց որոշում են, որ սա ապօրինի կալանավորում է, ու միջնորդում են ԲԴԽ-ին ակնհայտ ապօրինի կալանավորման այս որոշման համար իբր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու: Ակնհայտ ապօրինի Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց դատախազի կամայական միջնորդությունը` դատավորին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու:

Սա նշանակում է, որ որևէ դատավոր այլևս այս երկրում չի կարող իրեն ապահով զգալ իր օրինական գործունեությունն իրականացնելիս», - նշեց Արսեն Սարդարյանը:

Գլխավոր դատախազությունից ավելի ուշ պարզաբանեցին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Նվեր Մկրտչյանին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։ Ընդգծում են նաև, որ դատախազությունը չի բողոքարկել դատավորի կայացրած որոշումը, քանի որ պաշտպանն էր բողոքարկել։

Դատավորի փաստաբանները, մինչդեռ, այս հետապնդումը կապում են նրա վարույթում գտնվող մեկ այլ աղմկահարույց գործի հետ: Բախշիյանը մոտ 1 շաբաթ առաջ որոշել էր գրավի դիմաց կալանքից ազատել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, ով մեղադրվում է զենք-զինամթերք պահելու, ավելի վաղ վարչապետ Փաշինյանի սպանությունն ու իշխանության յուրացումը նախապատրաստելու համար: Ավելի վաղ Բախշիյանը նաև գրավով ազատ էր արձակել իշխանություններին պարբերաբար քննադատող Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանին, որոնց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել` պաշտոնեական դիրքի չարաշահումից մինչև կաշառք ու առանձնապես խոշոր չափերի յուրացում:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, սակայն, հավաստիացնում է՝ դատավորի այս որոշումները որևէ կապ չունեն նրա դեմ սկսված քրեական հետապնդման հետ. «Ներկայացված հիմնավորումները միջնորդությունների եղել են այնքան փաստարկված, այնքան ամուր, որ Բարձրագույն դատական խորհուրդը հանգել է նման հետևության: Նման պայմաններում որևէ հիմք առկա չէ ու չի կարող լինել առհասարակ քաղաքական հետապնդում որակելու համար»:

Դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք առաջադրվել՝ անձին ապօրինի կալանավորելու համար, տեղեկացնում է նրա փաստաբանը, հայտնի չէ թե երբ է քննվելու նրան կալանավորելու հարցը։

XS
SM
MD
LG