Գլխավոր դատախազությունը միջնորդում է ԲԴԽ-ին` համաձայնություն տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Թե ինչ գործով է հետապնդվում դատավորը՝ պաշտոնապես չի հաղորդվում՝ նախաքննության ու դատավորի հեղինակությանը չվնասելու հիմնավորմամբ։
«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը»,- Ազատությանն ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Մեղադրող կողմը միաժամանակ ընդգծում է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ սկսված հետապնդումը որևէ կապ չունի նրա վարույթում գտնվող աղմկահարույց գործերի, այդ թվում՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հետ։
«Քննության առարկա հանգամանքներն ու փաստերը վերաբերում են նշված դատավորի գործունեության հետ կապված՝ շատ ավելի վաղ կատարված դեպքին և շատ ավելի վաղ արված բացահայտումներին», - Ազատությանը փոխանցեց Գլխավոր դատախազի խորհրդականը:
Թե հատկապես ինչ գործի մասին է խոսքը, ինչի համար է մեղադրվում դատավորը, գլխավոր դատախազությունից չեն հաղորդում։
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Մինասյանի և Գորիսի փոխքաղաքապետերի՝ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։
«Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ այս գործընթացը փաստացի սկսվեց միայն այն բանից հետո, երբ վերջինս գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Փարամազյանին, Մենուա Հովսեփյանին և Աշոտ Մինասյանին, հետևաբար պարզորոշ է, որ նման պարագայում նրա նկատմամբ իրականացվող այդ գործընթացը չի կարող տեղավորվել իրավական ողջամտության մեջ և լինել իրավաչափ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ, ընդգծելով, որ «ուշադիր հետևում են հետագա զարգացումներին»։